Նարեկ Զեյնալյանին պարգևատրել են խորին հնազանդության համար
Տևական ժամանակ պտտվող տեղեկությունները, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Ուռուցքաբանության ազգային ինստիտուտ» բժշկական կենտրոնների ղեկավարներն աշխատանքից կազատվեն, վերջապես հաստատվեցին: Արման Հովակիմյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ղեկավարեց՝ 7, իսկ Նարեկ Մանուկյանն «Ուռուցքաբանության ազգային ինստիտուտը»` 6 տարի:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գոհ է նրանց աշխատանքից, «շատ մեծ ներդրում են ունեցել այս երկու խոշոր կենտրոնների ղեկավարությունը և թիմերը՝ ձևավորելու լրիվ նոր մշակույթով, ստանդարտով, ենթակառուցվածքներով, ծառայություններով բժշկական կենտրոններ», անհասկանալի մնաց, թե այդ դեպքում ինչո՞ւ են ուրեմն նրանք ազատվում աշխատանքից:
Միակ ողջամիտ բացատրությունը, որ այս հարցն ուներ, այն էր, որ եկել է ժամանակն այլ մարդկանց լավություն անելու համար, որովհետև այդ բժշկական կենտրոնների ղեկավարները, ըստ էության, մի քանի միլիոն դրամ աշխատավարձ են ստանում:
«Այո՛, Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը քննարկվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Նարեկ Զեյնալյանը նշանակվելու է այդ ԲԿ-ի տնօրեն:
Նարեկ Զեյնալյանի անունը վաղուց էր շրջանառվում այդ պաշտոնի համար, ու ինչպես 168.am-ին հայտնի դարձավ, նրան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ղեկավարի պաշտոնն առաջարկվել է խորին հնազանդության համար:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանից SMS ստացավ նաև Նարեկ Զեյնալյանը, ով հլու-հնազանդ կատարեց հրամանն ու վայր դրեցպատգամավորական մանդատը՝ ի տարբերություն, ասենք, Հովիկ Աղազարյանի:
Նկատենք, որ դրանից մեկ օր անց՝ նախորդ տարվա նոյեմբերի 20-ին, ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում ակնարկել էր, ոչ Նարեկ Զեյնալյանն ավելի լավ աշխատանքի կանցնի:
Եվ քանի որ Նարեկ Զեյնալյանը ո՛չ դիմադրել էր, ո՛չ էլ մանդատը վայր դնելուց հետո որևէ մեկին փնովել ՔՊ-ից, նրան խոստացել են նշանակել այն պաշտոնին, որն ինքը կցանկանա: Դե, իսկ Նարեկ Զեյնալյանն էլ ցանկացել է դառնալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն, ինչը նրա վաղեմի երազանքն էր՝ տարիներ ի վեր փայփայած, և որի իրականացմանը ժամանակին խոչընդոտել էր մեկ այլ ՔՊ-ական՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
Ստացվում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանին աշխատանքից ազատեցին՝ Նարեկ Զեյնալյանի ճանապարհը մաքրելու համար:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ Լուսինե Բադալյանն էլ (Լուլու.- Ա.Վ.) աչք ունի «Ուռուցքաբանության ազգային ինստիտուտ» բժշկական կենտրոնի տնօրենի աթոռի վրա: