«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարուժանը շատ աշխույժ, աչքի ընկնող երեխա էր, շատ բարի ու ընկերասեր, լուսավոր, հավասարակշռված, կշռադատող: Յուրահատուկ հումորի զգացում ուներ: Կարող էր չխոսել, մեկ էլ այնպիսի կատակ կաներ, որ ոչ ոք չէր կարողանա անտարբեր մնալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Վարուժանի մայրիկը: Վարուժանը ծնվել է Երևանում, հաճախել է Քաջունու անվան թիվ 54 դպրոցը: Զուգահեռ զբաղվել է նաև արևել յան մարտարվեստով, հինգ տարի կարատեի է հաճախել, մեծ սեր է ունեցել սպորտի հանդեպ: «Ֆիզիկապես ուժեղ էր, և դա իրեն ևս շատ էր օգնում ծառայության ժամանակ»: Դպրոցում Վարուժանի սիրելի առարկաները լեզուներն էին: Մայրիկը նշում է՝ ուսուցիչները նրան շատ էին սիրում, բոլորին գրավում էր իր ազնվությամբ:

Դպրոցն ավարտելուց հետո Վարուժանն ընդունվել է Մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: «Ցանկանում էր Բրյուսովի անվան համալսարան ընդունվել, բալերը չհերիքեցին: Մանկավարժականում հասցրեց մեկ կիսամյակ ուսանող լինել: Ասում էր՝ բանակից վերադառնալուց հետո կա՛մ կտեղափոխվեմ, կա՛մ... կյանքը ցույց կտա»:

Երազանքների մասին խոսելիս տիկին Լուսինեն նշում է՝ որդին մտածում էր ռեժիսուրայի ֆակուլտետ ընդունվելու մասին, կինոարվեստը հետաքրքիր էր նրան: «Բանակում պլանները փոխվեցին, ասում էր՝ մա՛մ, ուզում եմ բիզնես հիմնել: Ուզում էր ամեն ինչ փորձել, իր համար ճանապարհ հարթել, շատ նպատակներ ու երազանքներ ուներ: Դպրոցական տարիքից բանաստեղծություններ էր գրում: Երբ իրեն «գտանք», գրպանում երկու հատ A4 ֆորմատի թուղթ կար, բանաստեղծություններ էին գրված, հիմա դրանք աչքի լույսի պես պահում եմ: Նաև աֆորիզմներ էր սիրում»:

Ու... Վարուժանի բանաստեղծությունից երկու տող, որոնք այդպես էլ ինձ հանգիստ չեն տա. «Դե կռվե՛ք, տղե՛րք, գոռում եմ, դողում, ոտքս սեղմել եմ հայրենի հողում»։

2019 թ. հունվարի 23-ին Վարուժանը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին վեց ամիսը ծառայում է Արմավիրի ուսումնական զորամասում: Այնուհետև հետևակի մարտական մեքենայի նշանառու-օպերատորի որակավորմամբ տեղափոխվում է Արցախ՝ Մատաղիս: «Ծառայեմ, վերադառնամ ու անցնեմ իմ նպատակներին: Այսպես էր մտածում Վարուժանս: Երբեք չի տրտնջացել, միշտ առաջ էր նայում՝ լավ կլինի, մամա՛, լավ կլինի»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Նույն տարեսկզբին՝ մինչև համավարակի տարածվելն, արձակուրդ եկավ: Դա մի ուրիշ տեսակի ուրախություն էր: Ստացվում է, որ մեր վերջին հանդիպումն էր: Ինձ չէր ասել, որ գալիս է, որոշել էր անակնկալ անել: Ասում էր՝ մա՛մ, կանգառից վազելով եմ տուն եկել: Մեր տան դուռը ցերեկները բաց է լինում, այն բացեց, ներս մտավ, ուրախությունից կարծես ոտքերս թուլացան: Վարուժանս միշտ մեծարել է ծնողին, գնահատել, բայց այդ պահն այնքան էր տպավորել իրեն, որ մաման իրեն այդ կերպ է դիմավորել: Չէի հասցրել Արցախ մեկնել՝ իրեն տեսնելու, կարոտիս այդպիսի դրսևորումը բնական էր: Արձակուրդն ավարտվեց, ճանապարհեցինք, ու սկսվեց համավարակը: Շատ էինք զրուցում հեռախոսով, ասում էր. «Առանձնապես խոսելու բան չկա, բայց չեմ ուզում հեռախոսն անջատել»: Ինձ թվում է, որ ներքին զգացողություն ուներ: Զրույցներից մեկի ժամանակ ասաց՝ որ ամեն ինչ լավ լինի, տուն գամ, մի տեսակ սարսռացի՝ այդ ի՞նչ ես ասում, Վարուժ ջան, բայց էլ ոչինչ չպատասխանեց: Այդ ժամանակ դեռ պատերազմի մասին խոսք էլ չկար: Պատերազմի առաջին օրը լուր չունեի, խենթանում էի: Սեպտեմբերի 29-ին զանգեց՝ մա՛մ, լավ ենք, շատ խոսել չեմ կարող: Համարյա ամեն օր զանգում էր, ասում, թե ինչ դժվարությամբ, վտանգների միջով են կարողանում զանգել և թեկուզ այդ մեկ բառն ասել, որ իրենք ողջ են: Իսկ ծնողները որքան անհամբերությամբ էին սպասում այդ մեկ բառին»:

Մինչև հոկտեմբերի 13-ը Վարուժանը զանգահարել է մայրիկին, անգամ օր է եղել, երբ երկու անգամ է զանգահարել: «Ասում էի՝ Վարո՛ւժ ջան, այդքան վտանգավոր է, ո՞նց կարողացար հեռախոս գտնել, զանգել: «Չգիտեմ, թե որքան եմ քայլել, որ հասնեմ հարմար տեղ, կապ լինի, կարողանամ զանգել»: Մի օր ասաց՝ մա՛մ, կարող է էլ չկարողանամ զանգել»:

Հոկտեմբերի 13-ը Վարուժանի վերջին զանգի օրն է: «Այդ օրը շատ տխուր էր։ Աղմուկ էր, անգամ տղաներին ասաց, որ մի պահ լռեն, որ կարողանա լսել ինձ: Հետո իմացա, որ առաջադրանք կատարելու էին գնում: Պատերազմի սկզբում հարձակումը եղել է Մատաղիսի ուղղությամբ, իրենք հետ են քաշվել: Յոթ-ութ օր եղել են անտառներում, շատ դժվար օրեր անցկացրել: Դա էլ եմ հետո իմացել: Ընթացքում ամեն ինչ թաքցնում էր՝ մենք լավ ենք, ամեն ինչ կարգին է: Ծանր էր տանում ընկերների մահը: Մանկավարժականի իր ընկերներից Արամն էլ զոհվեց, այդ լուրը Վարուժանն իմացավ, տեղը չէր գտնում: Այդ օրերին երբեք չդժգոհեց, երբեմն հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում: Իրեն փոխանցում էի այն, ինչ բոլորիս ասում էին՝ հաղթում ենք: Զարմանում էր՝ հա՞, մամ, հաստատ այդպես են ասո՞ւմ»:

Օրերն անցնում էին, բայց Վարուժանը չէր զանգում: «Փորձում էի ինչ-որ տեղեկություն ստանալ, ասում էին՝ կապ չկա: Հավատում էի դրան, քանի որ փաստացի դժվարություններ հաղթահարելով է ամեն անգամ զանգահարել: Բայց ամեն անցնող օրվա հետ մայրական զգացողությունս այլ բան էր հուշում՝ այս լռությունն իրեն բնորոշ չէ, հեռախոս կգտներ ու կզանգահարեր: Ինձ մի հեռախոսահամար էր փոխանցել, խնդրել, որ զանգահարեմ Հակոբի ընտանիքին ու ասեմ, որ իրենց տղան լավ է: Որոշեցի այդ համարով զանգահարել: Պատասխանեց Հակոբի եղբայրը, այդ պահին Հակոբի հուղարկավորությունն էր, Եռաբլուրում էին: Հետո եղբայրը զանգահարեց ինձ, փորձեց օգտակար լինել, բայց որևէ տեղեկություն չկարողացանք գտնել Վարուժանի մասին»:

Հոկտեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 5-ը անհայտություն էր: «Իր գրպանում զինգրքույկն էր եղել, դրանում նշված հասցեով մեզ հետ կապ էին հաստատել, որ գուցե մեր որդին է»: Փաստաթղթերում Վարուժանի զոհվելու օրը նշված է հոկտեմբերի 15-ը, բայց հետո տղաները տիկին Լուսինեին պատմել են, որ դեպքը եղել է հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ Մատաղիսի և Մարտակերտի միջանկյալ հատվածում: «Տղաներն ութ հոգով մենակ են մնացել՝ առանց հրամանատարի: Չեն իմացել, թե ուր գնան, ինչ անեն: Անտառներում են եղել: Հետո նոր հրամանատար են նշանակել, հրաման են ստացել, որ պետք է գնան դեպի թիվ 530 մարտական դիրքը: Այդ ճանապարհին՝ ինչ-որ կամուրջի մոտ, վիրավոր զինվորների են հանդիպել, սկսել են նրանց օգնել: ԱԹՍ-ն նրանց ֆիքսել է: Այդ ժամանակ Վարուժանն ու Հակոբը ևս զոհվել են»:

Ապրելու ուժի մասին։ «Վարուժանիս չեմ տեսել, ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ այս իրականությանը։ Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել: Ապրելու ուժ, իհարկե, աղջիկս է տալիս: Քույրիկի հանդեպ շատ ուշադիր էր, մանկուց իրեն պաշտպանում էր: Նա էլ շատ ծանր տարավ այս ամենը, մինչև հիմա էլ չի հավատում, որ իր եղբայրը չկա»:

Հ. Գ. - Վարուժան Սարգսյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով, «Մանկավարժական համալսարան» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը Կրակոցներ՝ Երևանում․ վիրավորը անգիտակից տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանից գնացքով եկող ապրանքները հայտարարագրվելու են հենց Ադրբեջանում, իսկ Հայաստան մուտք գործելիս չեն կանգնելու և չեն զննվելու․ Դավիթ Սարգսյան Կոռուպցիոն այս պատմությունների մեջ Փաշինյանը «փայ» ունի».Քաղաքագետ Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին 2 անգամ օկուպանտ է ներկայացրել. Փաշինյանի կառավարությունն ասելիք չունի Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին և կպայքարի բրոնզե մեդալի համար Ափսոս է այն ռեսուրսը, որը վատնում են ասֆալտապատման անվան տակ. Հակոբ Բադալյան Ամեն քայլափոխի մեր նախնիների գործունեության ապշեցուցիչ հետքն է. թե բա՝ ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան» Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում Աշխատաշուկայի կրճատում, պետբյուջեի սահմանափակում. ինչ է սպասվում ՀՀ տնտեսությանը Թուրքական ընդդիմությունը ավելի քան 10 մլն ստորագրություն է հավաքել Թրամփը Իրանի հետ բանակցությունների մասին Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ Համարյա աննկատ մնաց օկուպանտների գժական տեղաշարժների հետ կապված հերթական միջադեպը Արթուր Ալեքսանյանը չի գոտեմարտի ԱՎԾ-ն հրապարակել է սարսափելի թվեր. ինքնահռչակ տգետը քանդում է պետությունը և տնտեսությունը Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թույլին հարվածում. Արա Պողոսյան Կարող է դոլարի «обвал» լինի, արթնանանք, տեսնենք՝ 1 դոլարն արժե 100 դրամ. դա աղետ կլինի մեր տնտեսության համար. Հրանտ Բագրատյան Առաջընթացը Հայաստան-Թուրքիա ուղղությամբ իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա. Միրզոյան ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող կասկածելի իր. ժամանել են սակրավորները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 14-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի14_ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 14-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 11-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 11-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 11-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am