Ինչու՞ է Նիկոլն ատում Արցախն ու արցախցուն
Ես դեռ չունեմ այն հարցի պատասխանը, թե ինչի՞ է Նիկոլն էսքան ատում Արցախն ու արցախցուն, բայց այդ ատելությունը ոչ միայն անթաքույց է, այլեւ՝ երբեմն նաեւ հատուկ ցուցադրական։
Երեկ կառավարությունը մերժեց շարունակել Արցախից բռնագաղթած մեր հայրենիկիցներին վճարվող 50 հազարական դրամի ծարգիրը, որը արցախցիների համար միակ հնարավորությունն է բնակարանների վարձերը տալու եւ փողոցում չհայտնելու համար։ Արցախից բռնագաղթածների դեռ ընդամենը 3 տոկոսն է ստացել բնակարանային այդ ծաղր կոչված սերտիֆիկատները, իսկ բնակարան ձեռք է բերել տեղահանվածների ընդամենը 0.2 տոկոսը։
Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ շուտով մենք մասսայաբար տեսնելու ենք երեխաների հետ փողոցներում հայտնված արցախցիներ եւ իրավունք էլ չենք ունենալու մուննաթ գալ սեփականատերերի վրա, թե ինչի՞ անվճար չեն պահում արցախցիներին, քանզի դա բացառապես պետության ֆունկցիան է, բայց պետությունը, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլը, ամեն ինչ անում է՝ իր մեղքով գաղթական դարձած արցախցիներին մինչեւ վերջ նվաստացնելու համար։ Երեւի մուռ է հանում, որ նրանք չմնացին ցեղասպանվող Արցախում ու մինչեւ վերջին մանուկը չկոտորվեցին, եւ իրեն չմատուցեցին՝ «չկա մարդ, չկա պրոբլեմ» իդիլիկ իրավիճակը։
Այն, ինչ հիմա արվում է արցախցիների հանդեպ՝ դա անմարդկային է, էն ատելությունը, որ նիկոլածին տարբեր նախրախբեր տարածում են Արցախի ու արցախցու հանդեպ՝ զարհուրելի է։
Իրավիճակը փակուղային է։ Տասնյակ հազարավոր արցախցի ընտանիքների համար այդ 50 հազարականները միակ, կրկնում եմ, միակ տարբերակն էր, վարձակալած տան գումարը տալու եւ փողոցում չհայտնվելու։ Մարդիկ հայտնվելու են փողոցում, ուղղակի փողոցում։ Կանադայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, թե Արցախի էջը փակված չէ եւ արցախյան բանակցությունները պիտի շարունակվեն՝ հիմքում ունենալով նաեւ արցախցիների ինքնորոշման իրավունքը, երեկ Եվրոպական խորհրդարանն իր լիագումար նիստում դատապարտում է Արցախի էթնիկ զտումը՝ զուգահեռներ անցկացնելով Հայոց Ցեղասպանության հետ, իսկ Նիկոլը հայտարարում է՝ «թռնեք վերեւ, իջնեք ներքեւ, ղարաբաղյան շարժման էջը փակված է»։
Ու քանի դեռ մենք չենք փակել Նիկոլի եւ նիկոլիզմի էջը, նա շարունակելու է մեկ դար առաջ երիտթուրքերի սկսած Ցեղասպանությունը՝ մոդիֆակացված տարբերակներով։
Նաիրա Զոհրաբյան