ԱՄՆ կառավարական բանկը 339 միլիոն դոլարով կվարկավորի զենք փոխադրող ադրբեջանական ավիաընկերությանը

Ամերիկյան կառավարական EXIM բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորումը՝ Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026-ի ամառ։ Փաստը, որ Silk Way-ի ինքնաթիռները, ըստ հեղինակավոր լրատվամիջոցների, զբաղվել են զենքի փոխադրմամբ, չի խանգարել ամերիկյան կողմին հաստատել վարկը։ Silk Way-ը համարվում է Ադրբեջանի նախագահի հետ փոխկապակցված ավիաընկերություն։ Գրում է Ազատությունը։


EXIM բանկի կողմից Silk Way-ի համար Boeing-երի ֆինանսավորման առաջին տեղեկությունները տարածվեցին հունվարի սկզբին։ Բանկը հանրային մեկնաբանություններ էր հավաքում գործարքը ֆինանսավորելու վերաբերյալ։ Մատակարարվելիք ինքնաթիռների քանակը կողմերը չեն հայտնում։ Այս գործարքներում մի դեպքում վարկի երաշխավոր հանդես է եկել իսպանական Santander բանկը, մյուս դեպքում՝ ամերիկյան Մասնավոր արտահանման ֆինանսավորման կորպորացիան (PEFCO): Santander-ը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հրաժարվել է մեկնաբանել այս գործարքում իր դերը։

Silk Way-ի վարկավորման գործարքը ղեկավարել են բանկի խորհրդատու Դեյվիդ Գոլդենը, EXIM-ի տրանսպորտային բաժնի փոխնախագահ Դավիդ Ֆիորին ու նույն բաժնի վարկային մասնագետ Չերիլ Քոնլինը։ Վերջինս 2021-ի ապրիլին մասնակցել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած վիրտուալ մի ֆորումի, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյաներն ու գործարարները ներկայացնում էին լոգիստիկ հարցերում ամերիկյան տեխնոլոգիաները, ֆինանսական հնարավորությունները։ Քննարկմանը մասնակցել են պաշտոնյաներ Թուրքիայից, Վրաստանից, խոսել տարածաշրջանի «արևելք-արևմուտք տարանցիկ միջանցքի՝ ԱՄՆ-ի առևտրային լուծումներից»։ 2017-ին Չերիլ Քոնլինը մասնակցել էր նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի առևտրային պալատի կազմակերպած մի միջոցառման և խոսել EXIM-ի կողմից ադրբեջանական ընկերությունների հետ իրականացրած ծրագրերից։ Անցած նոյեմբերին EXIM-ի ներկայացուցիչները մեկնել էին Բաքու՝ մասնակցելու COP 29-ին։

 

Silk Way-ը՝ հակամարտությունների ու կոռուպցիայի կիզակետում

Ադրբեջանական Silk Way-ը հայտնի է հակամարտությունների գոտի զենքի փոխադրումներով։ «Ազատության» ադրբեջանական ծառայությունը 2010-ին պարզել էր, որ ավիաընկերության վերջնական բաժնետերերից մեկն Ալիևի ընտանիքն է։ Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծը (OCCRP) 2018-ին գրել էր հարյուր միլիոնավոր դոլարների ֆինանսավորման մասին, որ ամերիկյան EXIM բանկը տրամադրել էր Silk Way-ին։ Հոդվածում նշվում էր, որ EXIM-ը 2014 թվականին մոտ 420 միլիոն դոլար է տրամադրել ադրբեջանական ավիաընկերությանը՝ երեք Boeing 747-8 Freighter ինքնաթիռներ գնելու համար։ Այս գործարքի դեպքում որպես երաշխավոր էր հանդես եկել Ադրբեջանի միջազգային բանկը։ 2017-ին EXIM-ը Silk Way-ին ֆինանսավորեց արդեն 1 միլիարդ դոլարի չափով՝ 10 Boeing գնելու համար։

Washington Post-ը 2022-ին ծավալուն հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ աֆղանական պատերազմի ամենաթեժ փուլում Ադրբեջանն ԱՄՆ-ի ու դաշնակիցների համար բացել է օդային տարածքը՝ դրա դիմաց ստանալով ավելի սերտ դիվանագիտական համագործակցություն ու 369 միլիոն դոլարի պայմանագրեր Silk Way-ի հետ։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու գեներալներ՝ Դունքան ՄըքՆաբը և Ուիլյամ Ֆրեյզերը, ովքեր 2008-2014 թվականներին պատասխանատու էին մատակարարման ուղիների համար, հետագայում որոշել են նյութականացնել իրենց կապերն Ադրբեջանում: Թոշակի անցնելուց հետո բարձրաստիճան գեներալները թանկարժեք խորհրդատվական գործարքներ էին կնքել Silk Way Airlines-ի հետ, որը հարցեր էր առաջացրել ամերիկացի գեներալների գործողությունների շարժառիթների վերաբերյալ։ Ըստ Washington Post-ի՝ Պենտագոնը և Պետդեպարտամենտը սովորաբար թույլատրում են պաշտոնաթող զինվորականներին աշխատանքի անցնել արտասահմանյան պետություններում կամ օտարերկրյա կառավարությունների կողմից վերահսկվող ընկերություններում:

«Բայց Ադրբեջանի դեպքում ամերիկյան ռազմական գերատեսչությունն առարկություններ ուներ, և դրանցից մեկն ազգային անվտանգության վերաբերյալ էր», – վկայակոչելով փաստաթղթերը՝ նշել էր հեղինակավոր լրատվամիջոցը։

 

2020, 2023թթ. Silk Way-ն ակտիվ էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած ռազմական գործողությունների ընթացքում։ 2023-ի սեպտեմբերին՝ Արցախում իրականացված էթնիկ զտումներից մոտ 2 շաբաթ առաջ, «Հետք»-ը գրել էր, որ օգոստոս-սեպտեմբերին Silk Way-ն իսրայելական «Օվդա» ավիաբազայից դեպի Բաքու 4 չվերթ էր իրականացրել՝ տեղափոխելով պայթուցիկ ռազմամթերք։ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում ևս ադրբեջանական այդ ավիաընկերությունն ակտիվ փոխադրումներ էր իրականացնում դեպի Ադրբեջան Իսրայելից, Թուրքիայից, Աֆղանստանից։

2021-ին OCCRP-ը նաև հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ ադրբեջանական ավիաընկերությունը ներգրաված է եղել Կենտրոնական Աֆրիկա՝ Կոնգո-Բրազավիլի հանրապետություն 100 տոննա զենքի փոխադրմամբ։ Կոնգոյի ընդդիմադիրների պնդմամբ՝ դա օգտագործվել է ընդդիմադիր բողոքը ճնշելու համար։

Ի՞նչ են ասում բանկն ու ՀՀ ԱԳՆ-ն

EXIM բանկը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցումներին՝ Silk Way-ին վարկավորելու ռիսկերի հետ կապված, նշել է՝ «EXIM-ը իր կանոնադրության համաձայն խստորեն գնահատում է իր մասնակիցների ու շահառուների այն գործարքները, որ բանկը ֆինանսավորել է ու սերտորեն հետևում է Կոնգրեսի կողմից հաստատված սահմանափակումներին»։

«EXIM-ի առաքելությունն է աջակցել ամերիկյան աշխատատեղերին՝ տրամադրելով վարկեր, երաշխիքներ և/կամ ապահովագրություն՝ նպաստելով ԱՄՆ-ում արտադրված ապրանքների ու ծառայությունների գնմանը։ Ինչ վերաբերում է Silk Way Airlines-ի և EXIM-ի համագործակցության բնույթին, մենք նշում ենք, որ Silk Way West Airlines-ն է լինելու ԱՄՆ-ում արտադրված այս օդանավերի վարձակալն ու վերջնական օգտագործողը, ինչպես նաև վարկերի մարման աղբյուրը։ EXIM-ը երաշխավորելու է այդ վարկերը»,- նշված է «Ազատությանն» ուղղված պատասխանում։ Միևնույն ժամանակ, բանկը չի պատասխանել հարցերին, թե արդյո՞ք մինչ Silk Way-ի վարկավորման որոշումը պետական այլ մարմիններ նկատառումներ ու դիտողություններ ներկայացրել են այս գործարքի վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն»-ը փորձել էր պարզել՝ ադրբեջանական ավիաընկերության այս վարկավորումն արդյո՞ք քննարկման առարկա է դարձել Հայաստանի և ԱՄՆ ղեկավարների կամ գերատեսչությունների միջև վերջին շրջանի շփումներում, քննարկումներում։ ԱԳՆ-ն ի պատասխան շեշտել է՝ Վաշինգտոնի հետ Երևանի հարաբերությունները ծավալվում են ռազմավարական գործընկերության ձևաչափում և պայմանավորված չեն ԱՄՆ և երրորդ երկրների միջև երկկողմ համագործակցությամբ։

ԱՄՆ պետքարտուղարությունն ադրբեջանա-ամերիկյան բազմամիլիոնանոց գործարքի վերաբերյալ «Ազատության» հարցերին չի արձագանքել։

Մինչ ամերիկյան EXIM բանկը Silk Way-ի նոր վարկավորումն էր հաջողությամբ ավարտում, ընկերությունը շարունակում է նոր թռիչքներ իրականացնել՝ բեռներ տեղափոխելով Իսրայելից Ադրբեջան։ «Հետք»-ի տվյալների համաձայն՝ 2025-ի առաջին եռամսյակում իսրայելական «Օվդա» ավիաբազայից 6 թռիչքներ են եղել դեպի Բաքու։ Իսրայելական Haaretz օրաթերթը նախկինում շեշտել էր, որ «Օվդա» ավիաբազան օգտագործվում է պայթուցիկ ռազմամթերք տեղափոխելու համար։

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Աբովյանում կրակոցներ են հնչել Քանի միլիոն դրամի գումար է դուրս գրել Երևանի քաղաքապետարանը թքած-կպցրած եզրաքարերի համար. Արթուր Չախոյան Տղամարդը կնոջը բարևելիս, գլխարկը հանում է՝ լինի ենթակա նախարար, ՔՊ-ական Արուսյակ Մանավազյան, թե գյուղի կին. պատգամավոր Իշխանափոխության Գյումրու ալիքը պետք է հասնի Երևան Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը բանի տեղ չի դրել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը. Ոսկան Սարգսյան Հարցս մսով ճաշի մասնագետ Փաշինյանին Ընդունեք մի խորին ցավակցությունները․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Այն ինչ արեցիք Երևանում՝ ձեր դեմ արեցին Գյումրիում. Գրիգոր Երիցյանը՝ ՔՊ-ին Ինչու՞ հնարավոր չէ իմպիչմենտ իրականացնել․ Երվանդ Բոզոյան (video) #ՀԻՄԱ․ Ստուգե՛ք Աննա Հակոբյանի հաշիվները․․․ մեծ բացահայտում է սպասվում․ Ռոբերտ Մարգարյան (video) Ադրբեջանում հեղեղաջրերը էքսկավատոր են շուռ տվել. զոհ ու վիրավորներ կան Լարված իրավիճակ Արցախի ներկայացուցչության շենքում «Չէ, դուք իրոք թրաֆիքինգի եք ենթարկվում»․․․ Գեղամ Մանուկյան (video) ԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ Թրամփ Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, հասարակությունը պատասխանատու է երկրի կործանման համար․ Դավիթ Անանյան Յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը, մայմուն. Լևոն Զուրաբյան Հայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ Միրզոյան Փաշինյանը, երբ խոսեց ատամ լվացողների մասին, ուզում եմ իրեն մի բան հիշեցնել․ Թագուհի Թովմասյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը պարելուց առաջ թող լա՛վ հիշի՝ ինչ է ասել, արել ու․․․ Արցախի ԱԺ պատգամավոր (video) Ի՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ. Վարդան Ղուկասյան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել․ ArmLur Պետք է հասկանանք, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները․ Միրզոյան Դուք տգետ չեք, դուք գիտե՞ք՝ ով եք․․․ Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին (video) Ժողովրդին առաջինը վախեցնողը հենց Նիկոլ Փաշինյանն է եղել. պատգամավոր Ես ուզում եմ զգուշացնել․ Հրանտ Բագրատյանը՝ Գյումրիում ընդդիմության հաղթանակի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am