Հույս ունենք՝ հայ հասարակությանը կբացատրեն ԵԱՏՄ-ի հետ կապերի խզման հետևանքով կորուստների մասշտաբները. Գալուզին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունած «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը Երևանի ինքնիշխան որոշում է համարում։
Այս մասին մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Միխայիլ Գալուզինի հայտարարությունը։«Մենք համոզված ենք, որ անհնար է լինել միաժամանակ երկու հակադիր ասոցիացիաներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն ու Եվրամիությունը։
ԵԱՏՄ-ն հավասար պետությունների ասոցիացիա է, մինչդեռ ԵՄ-ն մի կառույց է, որտեղ կա կարգապահություն, որը ենթարկվում է բրյուսելյան չինովնիկների կողմից իրականությունից կտրված հակառուսական պատմություններին»,-ասել է Գալուզինը։
Նա մատնանշել է, որ պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է լավագույն կառույցը, որում ցանկանում է լինել:
«Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի հայ հասարակությունն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը։
Հայաստանի Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի փոփոխված վերջնական ձևակերպմամբ սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»։