Վահագն Ալեքսանյանը կամ պետք է ներողություն խնդրի, կամ ապացուցի իր զրպարտանքը. Չալաբյան
Մարտի 28-ին Գյումրիում ՔՊ-ի ավարտական հանրահավաքին քաղաքացիներից շատերին այդտեղ բերել էին կոլեկտիվներով քաղաքի մի շարք պետական հաստատություններից, ինչպիսիք են օրինակ բժշկական կենտրոնները, ինչպես նաև Շիրակի մարզի այլ բնակավայրերից մեծ խմբերով մարդկանց էին բերել, ու այդ քաղաքացիները ընդհանրապես ընտրությունների հետ որևէ անմիջական առնչություն չունեին: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Մենք չենք կարող միարժեք պնդել, որ իրենց նկատմամբ հարկադրանք է եղել, որովհետև որևէ մեկը տեսախցիկի առաջ դա չի խոստովանել, բայց մյուս կողմից դատելով նրանից, որ մարդիկ այդ հանրահավաքից արագ հեռանում էին, մենք կարծում ենք, որ առնվազն կարելի է այդպիսի ենթադրություն անել, և այդ ենթադրությունը պետք է ստուգվի։ Հիշեցնենք ձեզ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236 հոդվածը քրեական պատիժ է սահմանում, քաղաքացիներին հարկադրանքով հանրահայքի բերելու համար։ Ուստի մենք առաջարկում ենք ՀՀ դատախազությանը, որը ամբողջ այս ընտրական գործընթացի ընթացքում հատուկ ջանասիրություն էր ցուցաբերում ընտրական օրենսդրության և քրեական օրենսգրքի խախտումները արձանագրելու մասով, տվյալ դեպքում ևս ցույց տալ նմանատիպ ջանասիրություն և այս դրվագը հետաքննել։ Շատ քաղաքացիների դեմքեր ֆիքսված են տեսախցիկներում, այդ քաղաքացիներին կարելի է հրավիրել հարցաքննության, պարզել արդյոք իրենց կամքի նկատմամբ եղել է որոշակի անթույլատրելի ներգործություն, հարկադրանք»,-ասաց նա:
Չալաբյանի խոսքով, եւ քվեարկությանը նախորդող «լռության օրը», և քվեարկության օրը ՔՊ պաշտոնական էջը Facebook-ում շարունակում էր քարոզչություն անել սեփական թեկնածուի օգտին։ Այդ քարոզչության այսպես ասած սքրինշոթերը մենք հատուկ պահպանել ենք և կներկայացնենք ԿԸՀ: Դա արգելված է ընտրական օրենսդրությամբ:
Դրան զուգահեռ ՔՊ-ի մի շարք քարոզիչներ, ինչպիսի, ինչպիսիք են, Վիգեն Ծատրյանը, Հայկ Թորոյանը, Media News և civic.am կայքերը, իդենտիկ բովանդակությամբ հակաքարոզչություն էին իրականացնում մասնավորապես Գյումրիում ՔՊ-ի մրցակիցների նկատմամբ, որը ևս արգելված է լռության և քվեարկության օրը։ Հատուկ ցանկանում եմ նշել, որ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընտրության օրը զրպարտչական հայտարարություններ է արել իր պաշտոնական էջում «Հայաքվե» դիտորդական առաքելության հասցեին՝ կոչելով այն կեղծ դիտորդական առաքելություն, որևէ կերպ դա չի հիմնավորելով։ Իր բացատրությունը ընդամենը այն էր, որ 31/70 տեղամասում մենք կոնկրետ դրվագ ենք արձանագրել, որ ի դեպ վիճելի դրվագ է, որովհետև երկու կողմից էլ կարելի է դրան նայել, և այդ դրվագի արձանագրումը իր համար հիմք է հանդիսացել, պնդելու, որ մենք կեղծ դիտորդական առաքելություն ենք:
Մենք օրվա ընթացքում 98 ընտրական տեղամասում ենք աշխատել Գյումրիում և Փարաքարում և ոչ մի տեղամասից հանձնաժողովների նախագահներից, քարտուղարներից, անդամներից որևէ վերապահում մեր աշխատանքի հասցեին չի հնչել:
Պարոն Ալեքսանյանը կամ պետք է ներողություն խնդրի զրպարտության համար, հաշվի առնելով մասնավորապես իր հանրային կարգավիճակը, կամ պետք է փաստեր ներկայացնի, որ մենք որպես դիտորդական առաքելություն կեղծ էինք և հանդես էինք գալիս թեկնածուներից ինչ-որ մեկի օգտին»,-հայտարարեց Չալաբյանը:
Նա նկատեց, որ հիշատակված երկու կայքերը իր հասցեին զրպարտչական արտահայտություններ են արել՝ նշելով, որ ինքը դատարանով դատապարտված է ուսանողներին հանրահավաք տանելու համար. «Հատուկ ուզում եմ շեշտեմ այն մարդկանց, որոնք ընդհանրապես չեն հասկանում ինչ է անմեղության կանխավարկած։ Ուրեմն այդ նույն Media News-ի կողմից հրահարված, սադրված գործողությունից հետո արդեն երեք տարի է անցել, օրինական ուժի մեջ մտած որևէ դատավճիռ չկա: Ավելին այս ընթացքում վերաքննիչ քրեական դատարանը փաստել է, որդատարանում ընդհանրապես փաստեր չեն ներկայացված իմ մեղքի մասին։ Ուստի, հարգելով անմեղության կանխավարկածը, ես կարծում եմ, որ այդ կայքերը ևս պետք է ընդհանրապես հեռացնեն այդ հրապարակումները և ներողություն խնդրեն ինձանից»,- ընդգծեց Չալաբյանը: