Հայ-ռուսական համագործակցության ընդլայնում պատմական կրթության ոլորտում
Ռուսական Պատմական ընկերության նստավայրում 2025թ․ ապրիլի 1-ին տեղի է ունեցել այս ընկերության վարչության նախագահ, «Իստորիյա Օտեչեստվա» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուսլան Գագկուևի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հանդիպումը։
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ուղղությունները՝ կառուցված հայ և ռուս ժողովուրդների ավանդական հոգևոր-բարոյական և պատմա-մշակութային արժեքների հիման վրա: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուսական պատմական առնչությունների թեմաներից մեկի մասին հավաստի և գիտականորեն հիմնավորված փաստերով ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ, որը արդիական նշանակություն կունենա։
Նախանշվել են նաև այն ուսումնասիրությունները, որոնց թարգմանությունը և գործընկեր կազմակերպությունների ռեսուրսներում հայերեն և ռուսերեն լեզուներով զետեղումը, զրուցակիցների կարծիքով, կամրապնդի Հայաստանի և Ռուսաստանի անցյալի և ներկայի մասին պատմական գիտելիքների գիտական իմացությունը։
Ռուսլան Գագկուևը և Յուրի Նավոյանը նույնպես նպատակահարմար են համարել հայկական հետազոտությունների ներկայացումը Ռուսական պատմական ընկերության և «Իստորիյա Օտեչեստվա» հիմնադրամի գիտական հանդեսներում։
Առանձին նյութ է հանդիսացել Մեծ Հաղթանակի 80-ամյակի թեման, որի քննարկման ընթացքում կողմերը ընդգծել են պատմական ճշմարտության խեղաթյուրման անթույլատրելիությունը և միմյանց ներկայացրել այս նշանակալի տարելիցի կապակցությամբ իրենց կազմակերպությունների ծրագրերը։
Հանդիպման ընթացքում Յուրի Նավոյանը Ռուսական պատմական ընկերության և «Իստորիյա Օտեչեստվա» հիմնադրամի ղեկավարության և այս կազմակերպություննրի գրադարանների համար փոխանցել է ԴԻԱԼՈԳ մատենաշարի վերջին հրատարակությունները, ինչպես նաև իր ղեկավարած կազմակերպության հովանավորությամբ լույս տեսնող «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի թարմ համարները։
Իր հերթին Ռուսլան Գագկուևը գործընկեր կազմակերպության ղեկավարին է նվիրել Ռուսական պատմական ընկերության և «Իստորիյա Օտեչեստվա» հիմնադրամի հովանավորությամբ լույս տեսած նոր ժողովածուները։