Իրանը երբեք և ոչ մի դեպքում չի ձգտի, չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել. Աբբաս Արաղչի

Իրանը վերահաստատում է, որ երբեք և ոչ մի դեպքում չի ձգտի, չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել. այս մասին X-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին:

«ԱՄՆ նախագահը, գուցե, շահագրգռված չէ 2015-ի միջուկային համաձայնագրով, սակայն այդ համաձայնագիրը պարունակում էր Իրանի հիմնական պարտավորությունը, որը դեռ ուժի մեջ է, և նույնիսկ ԱՄՆ-ն, որը համաձայնագրի մաս չէ, դրանից օգուտ քաղեց:

Իրանը վերահաստատում է, որ երբեք և ոչ մի դեպքում չի ձգտի, չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումից 10 տարի անց և դրանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց յոթ տարի անց, չկա որևէ ապացույց, որ Իրանը խախտել է այս պարտավորությունը: Նույնիսկ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Գաբարդը վերջերս լիովին խոստովանեց դա:

Դիվանագիտական ​​շփումներն արդյունավետ են եղել անցյալում և կարող են արդյունավետ լինել նաև այսօր։ Այնուամենայնիվ, բոլորի համար կարևոր է հասկանալ, որ գոյություն չունի «ռազմական լուծում», առավել ևս «ռազմական տարբերակ»: Մերձավոր Արևելքում աղետալի ձախողումները, որոնք ԱՄՆ նախկին վարչակազմերին արժեցել են ավելի քան 7 տրիլիոն դոլար, ավելի քան խոսուն են»,- ասել է իրանցի դիվանագետը:

Օրերս Իրանը մերժել է ԱՄՆ նախագահի՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկը՝ հայտարարելով, որ կբանակցի միայն 3-րդ երկրների միջոցով: Ի պատասխան Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը:

«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն: Ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», — ասել է նա:

Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել Է Վաշինգտոնի՝ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ:

Մինչդեռ դրանից առաջ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ», եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։

ԱՄՆ նախագահը հիշեցրել էր, թե ինչպես է նամակ ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասել է, որ այսպես թե այնպես ​​ պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կա՛մ Վաշինգտոնն ու Թեհրանը կխոսեն ու կքննարկեն հարցեր, կա՛մ էլ շատ վատ բաներ կկատարվեն Իրանի հետ։

«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Իրանի հետ: Բայց եթե հարցը չլուծենք, վատ, վատ բաներ կպատահեն Իրանի հետ», — նշել է ԱՄՆ նախագահը, որի նպատակն է թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ստեղծել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին Axios-ին հայտնել են նամակի բովանդակության ծանոթ մեկ ամերիկացի պաշտոնյա և երկու աղբյուր:

Պարզ չէ՝ երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը և չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան:

Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց է ապրել վերջին չորս տարիների ընթացքում, և երկիրն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն: Նրա 60% հարստացված ուրանի պաշարները մինչև 90% հարստացվելու դեպքում բավարար են վեց միջուկային ռումբի ստեղծման համար, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության: Իրանը հերքել է, որ միջուկային զենք է մտադիր ստեղծել:

Երկու շաբաթ առաջ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը բացահայտել էր, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ վարել։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել էր նա։ Նամակը մի քանի օր առաջ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ Բին Զայեդին Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ։ Հետո նամակն առաքվել է Թեհրան:

Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ Թրամփի նամակը Խամենեիին «կոշտ» էր: Մի կողմից նա առաջարկել է բանակցություններ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ, բայց մյուս կողմից զգուշացրել է հետևանքների մասին, եթե Իրանը մերժի առաջարկը և շարունակի առաջ մղել իր միջուկային ծրագիրը: Նամակում Թրամփը նշել է, որ չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել և նշել է երկամսյա ժամկետ՝ գործարքի հասնելու համար, ասել են երկու աղբյուրներ։ Մինչ նամակն իրանցիներին հանձնելը, Սպիտակ տունը ԱՄՆ մի քանի դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին, տեղեկացրել է դրա բովանդակության մասին, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան և իրազեկ աղբյուրը:

Անցյալ շաբաթ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել է «խաբեություն», որը միայն կոչված է ստեղծելու տպավորություն, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից։ Խամենեին ասել է, որ չի աջակցում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, սակայն մի քանի ժամ անց ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարություն է տարածել X-ի վերաբերյալ և չի բացառել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն ռիսկերը. ինչո՞ւ Հայաստանում չեն իջնում բենզինի գները Իրանը լիովին պատրաստ է իր ողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի․ Բաղերի Շվիդկոյ. Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է նրան, ինչին պատրաստ է հայկական կողմը Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են․ Իրանի ԱԳ նախարար Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Էրդողանի վրա Թուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի. Իրանի ԻՀՊԿ հրամանատար ԱԳՆ արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է․ Լևոն Քոչարյան Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց Արցախի իշխանությունները խոստանում են արձագանքել ԱԺ ամբիոնից հնչող հերյուրանքներին Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն» Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» Հայաստանին Որ ուժը քանի մանդատ կունենա. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր․ Անդրեի նախկին կնոջ խոստովանությունը «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է, ու՞մից եք բողոքում». «Շիրակ»-ի պատասխանն՝ «Արարատ»-ին Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին Volkswagen-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանը խնդրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am