Ընտանիքին մարմին են տվել, որի գլուխը չկա, ասում են՝ ԴՆԹ-ն ատամից են վերցրել, եթե գլուխը չկա, ատամը որտեղի՞ց. Անահիտ Ադոյան
Ազգային Ժողովում նախօրեին անհետ կորածների հարազատները բավական երկար՝5 ժամ տևողությամբ հադիպում են ունեցել ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ ուժային կառույցների ղեկավարների հետ։ Հանդիպումից ծնողները դժգոհ են մնացել։
«Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը եւս մասնակցել է հանդիպմանը ու «Փաստինֆոյի» հետ զրույցում մանրամասնեց դժգոհության պատճառները։ Նրա փոխանցմամբ՝ տպավորություն ունեն, որ հանդիպմանը ներկա պաշտոնյաներից միայն մեկն է, որ սրտացավ է մոտենում իրենց խնդիրներին ու միայն նրա կատարած աշխատանքն է տեսանելի։ «Խոսքը ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի մասին է։ Մյուս կառույցներում բարդակ է, ոչ Քննչական կոմիտեն է աշխատում, ոչ դատաբժշկական կենտրոնն է աշխատում։ Բարդակ է, ամենուր տիրում է անփույթ, փնթի վիճակ, եթե անկեղծ՝ միայն սրտներս է թեթևանում, երբ մեր կուտակած ինֆորմացիան հասցնում ենք իրենց, մյուս կողմից էլ հույս ունենք, որ այս հանդիպումները կպարտավորեցնեն իրենց, որ սկսեն աշխատել»։
Նա հիշեցրեց, որ նախորդ հանդիպումից հետո ժամանակ էին խնդրել՝ որոշակի աշխատանք կատարելու համար։ «Անցել է ավելի քան երկու ամիս, կարծում եք իրենք ինչ-որ գործ էին արե՞լ, էդ կառույցը կարելի է վառել՝ չեն աշխատում, ոչ մի բան չեն արել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է համընկնում, երբ մարդու ուսին դաջվածք է եղել, սակայն իրականում մարդը դաջվածք չի ունեցել։
Անդրադառնալով Գեղամ Նազարյանի հետ միջադեպին՝ նա վրդովվեց. «Հասկացանք՝ զոհվածի ծնող է, հիմա որպես զոհվածի ծնող մանդատ է վերցրել հերիք չէ, մի հատ էլ ծնողներին հորդորում է, դե բա մեղք չե՞ն այդ մասունքները՝ տարեք հուղարկավորեք։ Այ ...., սրբապիղծ պետք է լինի լինի այն ծնողը, որն, իմանալով, որ իր ընտանիքի անդամի մասունքն է ու չի տանում հուղարկավորում։ Այդ ի՞նչ ես խոսում։ Դրանից էին կրքերը բորբոքվել, հետո էլ ծնողին ասում է՝ դուրս արի, դուրս եկան այդ տղերքը։ Բա ինչի էիր Քոչարյան Անդոյի փեշի տակ մտել։ Դատաբժշկական կենտրոնի ոչ մի փորձաքննություն արժանահավատ չէ»։
Կինը պատմեց, որ այս հանդիպմանը իրենք հրավիրել էին նաեւ գենետիկ-բժշկի, ով օրինակներ էր ներկայացրել, որոնցից դատաբժշկական կենտրոնի տնօրենը «ապշահար էր եղել»։
«Տեսեք, նա բացատրում էր, որ լաբորատորիայում ապարատի մեջ փորձաքննության համար միայն մեկ մասունք պետք է դնեն, ոչ թե յոթ մասունք, ինչպես անում են։ Արդյունքում, ամբողջն իրար են խառնում, դրա համար էլ արդյունքները սխալ են գալիս։ Հետո, մի մի ապարատի անուն տվեց ու հարցրեց,՝ Ձեր լաբորատորիան ունի՞ դա, տնօրենը ասեց՝ ոչ։ Կինն էլ ասաց որ էդ դեպքում՝ ձեր արած գործունեությունը զրո է»։
Տիկին Ադոյանը օրինակներ մատնանշեց, որոնք ծնողների մոտ անվստահություն են ձեւավորել ԴՆԹ հետազոտության արդյունքների նկատմամբ։
«Տեսեք, ընտանիքին մարմին են տվել, որի գլուխը չկա, ու ասում են, որ ԴՆԹ-ն ատամից են վերցրել։ Այնքան տարրական են սխալները, ոնց կարող են ԴՆԹ-ն ատամից վերցնել, եթե մարմինը գլուխ չունի, թող բացատրեն, ո՞նց»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ կարող է անվերջ նման օրինակներ թվարկել։
«Մենք համոզված ենք, որ մեր երեխաներից շատերը ողջ են, որ ԴՆԹ արդյունքները սխալ են։
Ավելին, դեռ Եռաբլուրն էլ է խառնվելու իրար, քանդվելու է Եռաբլուրը, ես դա 2020 թվին եմ ասել, որ բերելու են հասցնեն նրան, որ Եռաբլուրը քանդվելու է։ Դա ինչի էին էնտեղ երկու մետր բետոն լցնում, ի՞նչ է մտածում էին 200 գրամ ոսկորը փոսի տակից փախչելո՞ւ է»,- ասաց տիկին Անահիտը։
Հարցին, թե արդյոք որևէ պայմանավորվածություն ձեռք բերվել է հաջորդ հանդիպման համար՝ մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ինչ են արել մինչև հիմա, որ սրանից հետո ինչ անեն։ Ասում եմ՝ Քննչականը 2 ամսից ավելի է՝ ոչինչ չի արել, հիմա պիտի անե՞ն ինչ-որ բան։ Իրենք հասկացել են, զգացել են, որ չեն կարողանում այս ծնողներին խաբել։ Չէ, իրենք չեն կարողանում, էս հարցը մի հատ մեծ փուշ է, որ մնացել է իրենց կոկորդին, որ իրենք չեն կարողանալու կուլ տան։
Ալեն Սիմոնյանն էլ ասում էր՝ 2026 թվականին ընտրություններ են լինելու մեկ է, մեզ չեք ընտրելու, իբր, ուզում էր ասել՝ էլ իրենք չեն լինելու, իբր, ուրիշի կընտրենք, որ մեր երեխեքի հարցերին լուծում տան։ Այսինքն, մենք դեռ մի հատ էլ 2026-ին պիտի սպասե՞նք։ Գիտեք, հիմա իմ մտահոգություն ունեմ Արմեն Աբազյան էլ հանկարծ մի օր SMS չստանա։
Անցած լսումներին ինձ ասում էին՝ եկել եք դեղատուն՝ հաց եք ուզում։ Չէ, դեղատուն չեմ եկել՝ հաց ուզելու։ Թուրքից երեխիս եմ ուզում, թող հիմա մտածեն, թե թուրքն ո՞վ է ու երեխիս որտեղից եմ ուզում»,-ասաց Ադոյանը։
Նա նշեց, որ հաջորդ հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա, բայց ամեն բան անելու են, որ նորից լինի, քանի որ հարազատները կարծում են, որ միայն այդ հանդիպումների դեպքում հնարավոր է, որ կառույցների ղեկավարները սկսեն «տեղից շարժվել»։
«Գիտեք, մենք դեռ հույս ունենք, որ, այո, որ մեր երեխեքը, միևնույն է, ուշ թե շուտ գալու են»,-եզրափակեց որդուն սպասող մայրը։