Պահանջում եմ ՀՀ կառավարությունից՝ դադարեցնել արցախահայության դեմ խայտառակ քաղաքականությունը. Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․
«Արցախցիների սոցիալական խնդիրների նկատմամբ կառավարության քաղաքականությունը ոչ միայն անընդունելի է, այլ ուղղակի խայտառակություն է։
Նիկոլ Փաշինյանի պատճառով սեփական կացարանը կորցրած ընտանիքները ունեն սոցիալական հոգածության բացառիկ իրավունք։ Հետևաբար, մինչև յուրաքանչյուր ընտանիքին բնակարան հատկացնելը, կառավարությունը պարտավոր է շարունակել բնակվարձի փոխհատուցման ծրագիրը ամբողջ ծավալով։ Ընդ որում, կառավարության կողմից այդ ծրագրի ծախսերը 2 անգամ քիչ են Արցախին տրված ֆինանսավորումից։
Հայտնի է, որ Արցախի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանից ստանում էր 144 մլրդ դրամ գումար, որը մեկ հոգու հաշվարկով կազմում է ամսական 100.000 դրամ։ Արդյունքում, այս ծրագրի իրականացումը բյուջեի վրա որևէ հավելյալ ծախս չի նախատեսում և իշխանությունների վարած քաղաքականությունն ունի մեկ նպատակ՝ նպաստել արցախցիների արտագաղթին։
Պահանջում եմ Հայաստանի կառավարությունից՝ դադարեցնել արցախահայության դեմ կատարվող խայտառակ քաղաքականությունը և վերականգնել արցախցիներին տրամադրվող սոցիալական ծրագրերը ամբողջ ծավալով»։