«Մենք մի ազգ ենք ու մի բռունցք․ Մեր աջակցությունն ու սրտի ջերմությունն ենք փոխանցում հանրահավաքի վայրից՝ Արցախի մեր քույր ու եղբայրներին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորում
Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հայտարարությունը․
«Երևանի սրտում այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր Արցախից են տեղափոխվել Հայաստան, մասնակցում էին հանրահավաքի, որտեղ նրանց կողքին կանգնած էինք նաև մենք` երիտասարդներս։
Արցախի մեր ընկերներն ու նաև գործընկերները կրողն են այն ամենի, ինչ տեղի է ունենում այսօր մեր երկրում, և մենք չենք կարող անտարբեր մնալ։
Մինչ այսօր, հիմա և հետո, առավել քան երբևէ , հայտարարել և հայտարարում ենք, որ մենք մի ազգ ենք և մեկ բռունցք, մենք ազգ ենք, որին չի կարելի պառակտել և բաժանել։ Այստեղ բնակվող երիտասարդներս մշտապես կանգնելու ենք մեր այն հայրենակիցների կողքին, ովքեր Արցախից են տեղափոխվել այստեղ՝ իրենց երկրորդ հայրենիք։
«Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ի որդեգրած սկզբունքներին համապատասխան` մենք միասնականության կոչ ենք անում և պահանջում բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներից, որպեսզի ցուցաբերեն համարժեք կամք ու պատրաստակամություն՝ մեր հայրենակիցների խնդիրները մեկ օր շուտ լուծելու համար։
Մեր աջակցությունն ու սրտի ջերմությունն ենք փոխանցում հանրահավաքի վայրից Արցախի բոլոր մեր քույր եղբայրներին և հույս հայտնում, որ ամեն բան լավ է լինելու»։