Հետփաշինյանական օրակարգ․ Վարդան Օսկանյան
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է․
«Հետփաշինյանական օրակարգ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնվազի։ Ինչու՞։ Որովհետև Փաշինյանը լայնորեն ընկալվում է որպես ձախողված ղեկավար։ Նրա քաղաքական կապիտալը սպառված է, վարկանիշը՝ խաթարված, իսկ նրա առաջնորդությունը դարձել է թուլության խորհրդանիշ՝ թշնամիների համար, և անվստահելիության նշան՝ դաշնակիցների համար։ Նրա ղեկավարության տարիներին Հայաստանը կորցրել է տարածքներ, կյանքեր և ազգային արժանապատվություն։ Ցանկացած կառավարություն, որն առաջնորդվի ազգային շահերով և հստակ նպատակից, կարող է սկսել շրջել այս էջը և վերականգնել Հայաստանի արժանի տեղը տարածաշրջանում։
Նոր կառավարությունը պետք է արագ գործի երկու հիմնական ուղղությամբ։ Առաջին՝ պետք է ժամանակավորապես կանգնեցնի Ադրբեջանի հետ ընթացիկ բանակցությունները։ Դա չի նշանակում գոյություն ունեցող օրակարգի որևէ կետի չեղարկում՝ որքան էլ վտանգավոր կամ անընդունելի դրանք լինեն։ Փոխարենը, Հայաստանը պետք է սառնասրտորեն և հաստատակամորեն պնդի իր առաջնահերթությունների ընդգրկումը։ Դրանցից գլխավորը՝ հայ գերիների ազատումը, Արցախի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը և ադրբեջանական ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Դրանից հետո թող բանակցությունները շարունակվեն։ Այս մոտեցումը պետք է լինի սկզբունքային, զուսպ և անհողդողդ՝ վճռական, բայց ոչ սադրիչ։
Երկրորդ՝ Հայաստանը պետք է հստակեցնի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ ելնելով տեղում փոփոխվող իրողություններից և գլոբալ ուժային վերադասավորումներից։ Հայաստանը պետք է անցնի ռեակտիվ դիվանագիտությունից դեպի նախաձեռնողական քաղաքականություն։ Կառավարությունը պետք է խոսի հստակ ու վստահ, չպարալիզացվի պատերազմի վախով և չհամաձայնի արտաքինից թելադրված լուծումներին։ Ազգային շահերը պետք է սահմանվեն Հայաստանի կողմից, այլ ոչ թե հակասական շահեր ունեցող արտաքին ուժերի։
Չնայած Արևմուտքը տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներն ունի՝ նվազեցնել ռուսական ազդեցությունը, մեկուսացնել Իրանին, ապահովել ադրբեջանական էներգիայի հոսքը, Հայաստանը չպետք է վերածվի խաղաքարտի։ Փոխարենը, այն պետք է ներգրավվի բոլոր դերակատարների հետ՝ փոխադարձ շահերի և հարգանքի հիման վրա։
Նույնիսկ 2000-ականների պակաս բարենպաստ տարիներին փոխլրացման արտաքին քաղաքականությունը շահեկանորեն ծառայեց Հայաստանին։ Ներկայիս միջազգային միջավայրը նպաստավոր պահ է այս մոտեցման վերակենդանացման համար՝ ունենալով մեկ ռազմավարական հենարան և միաժամանակ համագործակցելով այլ գլոբալ ուժերի հետ՝ ապահովելու համար ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական առավելություններ։
Անկասկած, Արցախի կորուստը և նրա ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը 2023 թվականին ոչ միայն ազգային ողբերգություն էր, այլև՝ զարթուցիչ։ Այս պահը պահանջում է համարձակ և անվերապահ վերաշարադրում հայկական արտաքին քաղաքականության՝ հիմնված ոչ թե վախի կամ ճակատագրականության, այլ երկարատև ազգային շահերի վրա՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, վերադարձի իրավունք և ինքնության պահպանում։
Ազգային շահերի առաջ մղումը չի նշանակում պատերազմ։ Դա նշանակում է ռազմավարական նպատակների հետևողական և հստակ առաջմղում՝ կարգապահությամբ ու հաստատակամությամբ։ Ամենահրատապ խնդիրներից մեկը Արցախի տեղահանված հայության վերադարձի իրավունքի վերականգնումն է։ Ավելի քան 120,000 մարդ արտաքսվել է, ինչը միայն կարող է բնութագրվել որպես էթնիկ զտում։ Սա փակված էջ չէ, այլ շարունակվող քաղաքական, դիվանագիտական, իրավական և բարոյական ճգնաժամ։ Հայաստանը պետք է իր ձեռքը վերցնի նրանց վերադարձի միջազգային պայքարը՝ հիմնվելով առկա աջակցության վրա՝ սկսած Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի որոշումից մինչև ԵՄ և Շվեյցարիայի խորհրդարանների բանաձևերը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները։
Միաժամանակ, Հայաստանը պետք է որդեգրի սկզբունքային և իրատեսական մոտեցում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում։ Սա չի նշանակում պատմական ճշմարտության զոհաբերում։ 1915 թվականի ցեղասպանությունը փաստագրված իրողություն է, ճանաչված ինչպես գիտական հանրության, այնպես էլ բազմաթիվ կառավարությունների կողմից։ Հետփաշինյանական Հայաստանը պետք է շարունակի իր նախնիների ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինակի վրա հիմնված ցեղասպանությունների կանխարգելման իր նախկին առաջադեմ դիրքորոշումը՝ ազնիվ, ատելությունից ու վրեժխնդրությունից զերծ կերպով։
Հայաստանը կանգնած է խաչմերուկում։ Փաշինյանի օրոք ճանապարհը եղել է նահանջի, հուսահատության և աճող խոցելիության ուղի։ Բայց այս ընթացքը անխուսափելի չէ։ Նոր առաջնորդությամբ, վերականգնված ազգային նպատակով և վստահ արտաքին քաղաքականությամբ Հայաստանը կարող է նորից բարձրանալ՝ պաշտպանելով իր ժողովրդի իրավունքները, պահելով իր ինքնությունը և վերականգնելով իր արժանի տեղը տարածաշրջանում և աշխարհում»։