Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. Վեդիի կամրջի մոտ բախվել են KAMAZ-ն ու ZIL-ը. կա զոհ
Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի Վեդու կամրջի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են ZIL MMZ-554M և KAMAZ -53212 մակնիշի բեռնատարները: Հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաները կողաշրջվել են, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:
Կողաշրջման հետևանքով ZIL-ի վրա բարձված ավազը թափվել է:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: