Թուրքիայում ձերբակալվել է շվեդ լրագրող
Անկարայի գլխավոր դատախազության հետաքննության շրջանակում Ստամբուլում ձերբակալված Շվեդիայի քաղաքացի Կայ Յոակիմ Մեդինը ձերբակալվել է «նախագահին վիրավորելու» եւ «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով այն բանից հետո, երբ մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ցույցերին, գրել է Cumhuriyet-ը։
Ըստ թուրքական լրատվամիջոցի տեղեկության՝ 2023թ. հունվարի 13-ին Անկարայի գլխավոր դատախազության ահաբեկչության հետաքննության բյուրոն հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ պարզվել է, որ 2023թ. հունվարի 11-ին Ստոկհոլմում (Շվեդիա) Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող մակետը կախել են քաղաքապետարանի դիմաց։
Հետաքննության ընթացքում պարզվել են 15 կասկածյալներ, այդ թվում՝ Մեդինը, որոնք իրականացրել են ակցիան, կազմակերպել այն, դրա մասին հաղորդել են մամուլին կամ ենթադրվում է, որ կապված են դրա հետ:
Պարզելով, որ Մեդինը՝ կասկածյալներից մեկը, որի նկատմամբ ձերբակալության օրդեր է տրվել նախագահին վիրավորելու եւ «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» հիմքով սկսված հետաքննության շրջանակում, նախօրեին երկիր է մտել, ոստիկանությունը նրան բերման է ենթարկել Ստամբուլում։
Մեդինը տարվել է Անկարայի հաշտարար քրեական դատարան եւ ձերբակալվել «նախագահին վիրավորելու» եւ «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքներով։