Ուստի, նա ով կպնդի, որ գյումրեցիները փողով թռել են, ՍՐԻԿԱ է. Արմեն Մինասյան
Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է.
«Ովքեր տեղյակ չեն, հայտնեմ, որ վերջին երեք տարում իմ մի քանի գործընկերների հետ Erablur.am դոմենում աստիճանաբար հավաքել, մշակել ու համակարգված ներկայացրել եմ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում զոհված մեր հերոս տղաների տվյալները (դրանք դեռ հավաքվում են ու թարմացվում):
Քանի որ առիթ կա, ասեմ, որ 1991-1994 թթ ընթացքում` Արցախյան առաջին պատերազմում, հայրենիքի համար անմահացած գյումրեցիներն իմ ունեցած տվյալներով 104-ն են:
2020 թ. քառասունչորսօրյա պատերազմում 126 գյումրեցի կյանքը տվել է հանուն հայրենիքի, ևս 5-ը տակավին անհետ կորած են:
Միջպատերազմական ժամանակաշրջանում, ներառյալ ապրիլյան քառօրյան, զոհվել են 192 գյումրեցիներ:
Այսինքն` հակամարտության ողջ ընթացքում մոտ 430 գյումրեցի կյանքը նվիրաբերել է հայրենիքին:
Այս թվերը վկայում են, որ Գյումրին ու գյումրեցին ոչ պակաս Հայաստանի այլ հատվածների ազգաբնակչությունից իր պատվարժան մասնակցությունն է ունեցել հայրենիքի պաշտպանությանը: Ունեցել է բոլոր փուլերում, հիմնականում` կամավոր և հաճախ` սխրագործությամբ: Եվ սա այն դեպքում, որ կոնֆլիկտի մեկնարկին քաղաքը երկրաշարժից արնաքամ էր, իսկ արտագաղթից նոսրացած:
Ուստի, նա ով կպնդի, որ գյումրեցիները փողով թռել են, ՍՐԻԿԱ է:
ՀԳ. Ասվածը չի նշանակում, որ Հայաստանում փողով զորամաս դասավորելու պրակտիկա չի եղել: Եղել է: Ու եղել է ամենուրեք, այդ թվում`Գյումրիում: Բայց դա ոչ գյումրեցուն բնորոշելու ցուցիչ է, ոչ էլ Արցախ աշխարհին որակելու:
ՀԳ. Ի դեպ, հարյուրավոր գյումրեցիներ պատերազմ(ներ)ից վերադարձել են ողջ-առողջ, ապրում են մեր կողքին, ու լավ կանեն` անկախ քաղաքական հայացքներից, ափըռ-ցըփըռ դուրստվողների իրական տեղը ցույց տան»: