Որ ընդդիմադիր թեկնածուն ավելի շատ ձայներ ստանա ավագանու նիստում, մենք պատրաստ ենք աջակցել. Կարեն Սիմոնյան
Ես կողմնակից եմ եղել, որ ընդդիմադիր դաշտում միշտ լինի միավորում, համախմբում, որպեսզի կարողանանք իշխանազրկել ՔՊ-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի առաջարկին, որ ինքը պատրաստ է միանալ մյուս ուժերին, թե որեւէ թեկնածու իրենից շատ ձայն հավաքի, իսկ եթե ինքը ամենից շատ ձայն հավաքի, ապա միանան իրեն:
«Ես էլ եմ ժամանակին հայտարարել, որ ընդդիմադիր ճամբարում որ թեկնածուն ավելի շատ ձայներ կստանա ավագանու նիստում քաղաքապետ ընտրելիս, մենք պատրաստ ենք աջակցելու եւ յուրաքանչյուրից ակնկալում ենք, որ իրենք էլ պատրաստ են աջակցելու, եւ մենք պատրաստ ենք ստանձնելու այդ լոկոմոտիվի դերը ընդդիմադիր դաշտում, որ կարողանանք ՔՊ-ին իշխանազրկել։
Մենք այդ մերանը դառնալու խնդիրը չունենք, և ես վստահ եմ, որ քաղաքացին ուղղորդելու է նաև ամբողջ ընդդիմադիր դաշտին, որ ճիշտ կողմնորոշվի և չթողնի ընդդիմության վիժեցում, որպեսզի ՔՊ-ն վերընդդրվելու որևիցե շանս ունենա, որին ես չեմ հավատում»,-ասաց նա:
Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի փոխադարձ մեղադրանքներին, Կարեն Սիմոնյանն ասաց. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմությունը միավորվի և կարողանա իր բռունցքը ցույց տալ այն իշխանություններին, որոնք երկիրը տանում են կործանման, քաղաքում մթնոլորտը փոխել են ավելի վադը, փորձել են քաղաքում ցույց տալ, որ բոլորդ բոլորիդ դեմ եք, դուք էս եք, սրան եք արժանի:
Այսքան ժամանակ գյումրեցին համբերատար է եղել, և արժանի չէ, որ ՀՀ-ում լինի ամենաաղքատը: Նաև ես փորձել դատապարտել իշխանությունների ամբողջ քարոզարշավի ընթացքում սերմանած այդ վատ մթնոլորտը, որ ես առաջին օրվանից ասեցի՝ չմտնեք այդ դաշտ, իրենք փորձեցին անընդհատ ապատեղեկատվություն տարածել, մասնավորապես իմ դեմ: Ես վստահ եմ, համոզված եմ, որ գյումրեցին ինձ ճանաչելով չի հավատացել նմանատիպ կեղծիքներին:
Դատապարտելի է, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձեցին առաջինը կոմունիստական կուսակցության հանդեպ բռնաճնշումները ցույց տալ լկտի ձևով, հետո մենք տեսանք նույնը «Իմ հզոր համայնք» կուսակցության հետ, որ նորից տարան բերեցին և երեկ «Իմ քաղաքը» դաշինքի և մեր դեմ իրագործված վայրագությունները»: