Գրիգորյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանում սպանության գործով միակ մեղադրյալը ազատության մեջ է
Վաղարշապատի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրայրի գազալցակայանում մարտի 22-ին տեղի ունեցած սպանության գործով միակ մեղադրյալը դեռևս չի հայտնաբերվել։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստիֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ին՝ Դիանա Գասպարյանի սկեսրայրի գազալցակայանում։ Ըստ ՆԳՆ-ի, նախնական տվյալներով, Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ: Պարոնյանը բժշկական կենտրոնում մահացել է՝ գիտակցության չգալով ։ Սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվաի 1-ին մասով և 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք կրելու և սպանության հատկանիշներով։ Իրավապահները դետևրս չեն բացահայտում՝ մեղադրյալի ինքնությունը, սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ խոսքը «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանի մասին է։
Այսօր, սակայն, հայտնի դարձավ, որ միակ մեղադրյալը դեռևս արգելանքի չի վերցվել։ «Էջմիածնում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 1 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում,- հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: