ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-փետրվար ամիսներին։
Այսպես՝
ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է։ Պատճառը հիմնականում այն է, որ չեզոքանում են արտաքին գործոնները, որոնց արդյունքում ՀՀ-ում աճում էր վերաարտահանումը՝ նպաստելով ՏԱՑ-ի աճին։ Արդյունքում փետրվարին ՏԱՑ-ը կազմել է ընդամենը 1.5%, ինչը մտահոգիչ է, քանի որ նման միտումների շարունակման պարագայում տարեկան տնտեսական աճը բավական ցածր կլինի։
Արտաքին առևտրի ծավալները էականորեն նվազել են։ Արտահանման անկումը կազմել է 59.7%, իսկ ներմուծմանը՝ 45.8%։ Դրանք բավական խոշոր ցուցանիշներ են և, բնականաբար, բացասական ազդեցություն կունենան մյուս մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Ընդ որում, արտահանման նվազումը պայմանավորված է ոչ միայն ոսկու վերաարտահանման չեզոքացմամբ։ Եթե չդիտարկենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստումը, ապա արտահանման աճը, միևնույն է, բացասական է՝ -5.5%, ինչը ցույց է տալիս, որ խնդիրները ավելի խոր են՝ մի շարք ուղղություններով արտահանումը նվազում է, իսկ մյուսներով աճի տեմպը բավարար չէ։
Կապիտալ ծախսերի մասով խնդիրները շարունակում են մտահոգիչ լինել։ 2025թ. փետրվարին կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր) ծավալը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 36.7%-ով, ինչը, բնականաբար, մտահոգիչ զարգացում է։ Այն ցույց է տալիս, որ հունվարի կապիտալ ծախսերի կտրուկ աճը պայմանավորված չէր տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի աճով (քանի որ դրանք այդչափ տատանողական չեն): Կապիտալ ծախսերի նման տատանողականությունը բացահայտում է դրանցում պաշտպանությանն ուղղված ծախսերի գերակշիռ լինելու հանգամանքը, ինչը նշանակում է, որ տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերը շարունակում են մնալ ցածր մակարդակում։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։