Կան հարցեր, որոնք լուծում են պահանջում․ Զախարովան՝ ՌԴ–ՀՀ հարաբերությունների մասին
Հայաստանը ՌԴ «հարևանն» է, բնական գործընկերը, աշխարհագրությունն ու ճակատագիրն են սահմանել շարունակել զարգացնել Հայաստանի հարաբերությունները, կան այնպիսիք, ում դա չի ուրախացնում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ կառուցողական բանակցություններ են տեղի ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև․ «Օրերս խորհրդակցություններ են անցկացվել երկու երկրների փոխարտգործնախարարների միջև. գործում են միջկառավարական և միջխորհրդարանական մեխանիզմներ, ակտիվ միջգերատեսչական համագործակցություն, ագրոարդյունաբերական համալիրի հիմնախնդիրների շուրջ տեղի է ունեցել կլոր սեղան։
Նախաձեռնություններ կան մշակութային, կրթական, հումանիտար ոլորտներում։ Նախատեսվում է, որ հաջորդ ամիս հայկական պատվիրակությունը կայցելի «Սիրիուս» կրթական կենտրոն՝ արագացնելու Ջերմուկում շնորհալի երեխաների համար ռուսական կրթական կենտրոնի բացումը»։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը համագործակցում են նաև այլ միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում. «Մեր մոտեցումները համաշխարհային օրակարգի վերաբերյալ համընկնում են կամ մոտ են: Երևանն ավանդաբար աջակցում և համահեղինակ է ռուսական բանաձևերի մեծամասնությանը: Բայց կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն կամ լուծում են պահանջում, որպեսզի չվնասեն երկկողմ հարաբերություններին»: