«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Բնավորությամբ հանգիստ երեխա էր Կարենս: Շատ գրագետ էր: Մինչև դպրոց գնալն այնքան լավ մաթեմատիկա գիտեր: Խանութ էր գնում, առևտուր անում, մինչև վաճառողը հաշվում էր, Կարենս մտքում գումարում-հանումն անում էր: Ինձ ասում էին՝ Կարո՛, Կարենդ պետք է գիտնական դառնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի հայրիկը՝ պարոն Կարապետը:
Կարենը ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, զուգահեռ նաև Գյումրիում բռնցքամարտի է հաճախել, ԴՕՍԱԱՖ-ում էլ մեքենա վարել սովորել: Հայրիկն ասում է՝ որդին լավ առաջադիմություն ուներ, մաթեմատիկան իր համար յուրահատուկ կարևորություն ունեցող առարկա էր: Իններորդ դասարանն ավարտելուց հետո նա սովորել է Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանում, որն ավարտել է ոսկերիչի որակավորմամբ: Հայրիկի խոսքով, բանակից զորացրվելուց հետո Կարենը մտադիր էր ոսկերչությամբ զբաղվել:
2020 թ. հուլիսի 22-ին Կարենը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայության է անցել ՊՆ թիվ N զորամասում՝ նշանակվելով 2-րդ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի վարորդ-ռադիոհեռախոսավարի պաշտոնին: Կարենը ծառայել է Դիլիջանում: Հայրիկն ասում է՝ որդին ճարպիկ էր, ռիսկով, շատ նորմալ ծառայում էր: Սիրված էր, հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ համածառայակիցների կողմից: Նրա մարտական ուղին փաստում է. «Ծառայության ընթացքում Կարենն իրեն դրսևորել է որպես բարեխիղճ, կարգապահ, պատրաստակամ, կամային բարձր որակներով օժտված հայրենասեր զինծառայող»:
Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: «Այդ օրն իր հետ խոսել ենք, ես զանգահարեցի, Կարենս ասաց, որ մի քիչ խառն է, հետո կզանգի. «Պատերազմ է»: Զարմացա, մի պահ մտածում էի, որ երևի սահմանային բախումներ են, կհանդարտվի: Բայց հենց առաջին օրը տղաներին տագնապով բարձրացրել էին Տավուշի դիրքերը: Ղարաբաղում կռիվը շարունակվում էր, իրենց մոտ ամեն ինչ հանդարտ էր: Հրաման ստացան, որ պետք է մեկնեն Արցախ, իրենք հրետանի ունեին, մեկնեցին ռազմադաշտ»:
Հոկտեմբերի 7-ի լուսաբացին Կարենն ու զինակից ընկերներն ընդգրկվում են Արցախի հարավային հատվածի՝ Ջրականի պաշտպանությունում: «Քարվաճառով են գնացել, կրակոցներ էին եղել, չէին կարողացել այդ կողմից մուտք գործել: Հետ էին դարձել ու Գորիսի կողմից հասել Արցախ: Երբ զրուցում էինք, ու իրեն հարցրեցի, թե որտեղ է, նա պահպանեց զինվորին բնորոշ զգոնությունն ու գաղտնապահությունը և ինձ բառացի չասաց, թե որտեղ է: Նշեց՝ Ռազոյի տեղում եմ: Ռազոն եղբորս տղան է, Ջրականում է ծառայել»:
Կարենի մարտական ուղին փաստում է. «2020 թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական սանձազերծած պատերազմի ընթացքում շարքային Մնացականյանը զորամասի կազմի մեջ ընդգրկված է եղել արցախյան հարավային հատվածի պաշտպանությունում, մասնավորապես՝ դիվիզիոնի կառավարման դասակի կազմով զբաղեցրել են դիվիզիոնի հրամանատարական դիտակետը, կատարել դիտարկում, վարել հրետանային հետախուզություն, սպասարկել և կատարել հրետանու կրակի կրակաճշտում։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերելով սառնասրտություն և մասնագիտական բարձր վարպետություն՝ Մնացականյանը հաջողությամբ իրականացրել է դիտակետի անձնակազմի տեղափոխումը հետախուզության վարման շրջաններ, անձամբ կատարել է հրետանային հետախուզություն և ունեցել կարևորագույն մասնակցություն գնդի կրակի կառավարման գործում: Դիտակետի անձնակազմը, որի կազմում էր նաև Կարենը, գրագետ ու ճշգրիտ դիտարկումներով և հաշվարկներով «Գռադ» դիվիզիոնին տվել է հակառակորդի կոորդինատները և հակառակորդի կուտակման վայրերը, այնուհետև ռեակտիվ հրետանային դիվիզիոնը ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան և կենդանի ուժը»։
Հայրիկը հավաստում է՝ որդին առաջնագծում է եղել: «Ասում են՝ տղաների ուղղությամբ տանկեր էլ են եկել, սնարյադներ են պայթել, ՍՈւ-երն էլ են հարվածել, հետախուզությունն էլ է աշխատել: Բայց տղաներին ոչինչ չի եղել: Հրամանատարն ասաց ինձ՝ ԱԹՍ-ն ուղիղ իրենց թաքստոցին հարվածեց»: Կարենն ու զինակից ընկերներն անմահացել են Ջրականում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից:
Պատերազմի օրերին հայր ու որդի կարողացել են զրուցել: «Երկու բառ էինք փոխանակում՝ պապա՛ ջան, լավ եմ: Կրակոցների ձայներ լսել եմ, բայց միայն այդքանը: Երբ զանգահարում էի, ու անհասանելի էր լինում, իրեն ասում էի՝ երբ ազատ լինես, ուղղակի զանգի ու ասա, որ ամեն ինչ կարգին է, զանգի, որ ձայնդ լսենք: Իսկ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 12-ին: Այդ օրն ընկերուհուց հարցրեց, նրա հետ չէր խոսել պատերազմի օրերին, ես էլ իրեն հանգստացրեցի, որ մայրիկը զրուցում է նրա հետ, ամեն ինչ կարգին է: Դրանից հետո Կարենիս ձայնն էլ չեմ լսել»:
Հոկտեմբերի 15-ի գիշերը Կարենը «տուն է վերադարձել»: Հրամանատարը հայրիկին ասել է՝ չէի կարող Կարենին այնտեղ թողնել, կյանքիս գնով եմ իրեն բերել: Կարենն ու ընկերներն անձնազոհաբար կռվել են, չեն նահանջել, չեն թաքնվել. ավաղ, կռիվն իրենց կյանքն է արժեցել:
«Կարենս ասում էր՝ ախպերներս զոհվում են, ես ո՞նց կարող եմ այստեղ չլինել: Ես այդ բառերից քարանում էի, չգիտեի՝ ինչ խորհուրդ տամ իրեն: Երեք ամսվա ծառայող էր, բայց այնքան մարտական էր տրամադրված»:
Կարենը տան չորս երեխաներից ավագն է, երկու եղբայր և քույր ունի: «Կարենս իմ համար որդի էր, եղբայր ու ընկեր: Երիտասարդ էի, երբ ընտանիք կազմեցինք, Կարենս ծնվեց, կարծես միասին մեծացանք: Ու հիմա շատ բարդ է առանց Կարենիս, չեմ հաշտվում այս իրականության հետ: Չեմ ուզում հերոսի հայր լինել, ուզում եմ Կարենս կողքիս լինի»:
Հ. Գ. - Կարեն Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից, այդ թվում՝ պատվոգրերով: Կարենի զորամասում տեղադրվել է նրա և 21 հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող: Հուղարկավորված է Հայրենյաց գյուղի մոտ գտնվող պանթեոնում:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ