Հոգնածների համար մի պրոցեդուրա կա. Նիկոլ Փաշինյանը՝ Գառնիկ Դանիելյանին
2018 թվականից սկսած մեր հայրենակիցները տարբեր խոստումներ են լսում, ամեն անգամ համոզվում ենք, որ այս յոթ տարիների ընթացքում տրված խոստումները չեք կատարում, պարոն Փաշինյան։ Գնացել եք ընտրությունների՝ մի ծրագրով, որ Շուշի և Հադրութ պետք է դեօկուպացնեք, Արցախն այս պահին հերիք չէ՝ գոյություն չունի, մի հատ էլ՝ գալիս այստեղ հայտարարում եք, որ Արցախի հարց չկա։ Հազարամյակներով, որ այդ մարդիկ ապրել են այնտեղ՝ չկա։ Հիմա կրկին ընտրություն կլինի, կգնաք կմանիպուլացնեք, տարբեր բաներ կասեք, կխոսեք, կասեք՝ «իրական Հայաստան», բայց այդտեղ էլ կխաբեք։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
«Ինչ վերաբերում է մեր սահմաններին, որ ասում եք՝ դատապարտեիք, ասեիք զինվորականներին, ապա Տեղ գյուղի օրինակն ամենացցուն օրինակն է, երբ սահմանապահ զորքերը և ՊՆ-ն իրարից տեղյակ չէին, Դուք շատ լավ գիտեք դրա մասին և մեղավորությունն այստեղ գցել ընդդիմության վրա՝ լոգիկան չեմ հասկանում։ Դուք իրար մեջ չեք հասկանում աջ ձեռքը որն է, ձախը՝ որը, դրա պատասխանատվությունը կրում եք Դուք։ Հերիք է մեզ սովորեցնեք՝ ինչ ուտել, ինչ քշել, ինչ հագնել, ինչ սովորել, հոգնել ենք արդեն դրանից։ Կամ ինչ է նշանակում իրական կամ ոչ իրական։ Արդեն հասել եք նրան, որ հեսա մի երկու նիստ հետո կարող է Կաթողիկոսի պարտականությունն էլ վերցնեք Ձեր վրա»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ փուլում է սահմանազատման գործընթացը։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ նշելով․ «Հոգնածների համար մի պրոցեդուրա կա՝ հանգսանալն է։ Եթե հոգնել եք ինձնից, ապա ինչի եք հարց տալիս ինձ»։