«ԱԱԾ մարզային վարչության պետը Սարիկի հորաքրոջ տղան է, մարդկանց ասում է՝ եթե ՔՊ–ին չընտրեցիք, պատասխան կտաք». Ղուկասյան
«Մարդկանց կանչում են, ահ են տալիս։ ԱԱԾ մարզային վարչության պետը Սարիկի հորաքրոջ տղան է, մարդկանց կանչում է, ասում է՝ եթե ՔՊ–ին չընտրեցիք, պատասխան կտաք»։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
«Այն մարդկանց, որոնք աշխատում են պետական կառույցներում, ասում են՝ եթե գնացիք ընտրության ու 2-րդ համարի քվեաթերթիկը դուրս չբերեցիք, իմացեք, որ աշխատանքից ազատելու ենք։ Հեռախոսներն են լսում, էսօր էլ տեսա, որ գցել են, իբր ես հայհոյել եմ։ Արհեստական բանականություն է կոչվում, ինչ ասես կարող են անել»,–ասաց Վարդան Ղուկասյանը։
Նա նշեց, որ տեղյակ է գյումրեցիներին խնդիրներին. շենքերի կտուրները վերանորոգման կարիք ունեն, վերալակները պետք է փոխվեն։ Նա խոստացավ մեկ տարվա ընթացքում լուծել այդ երկու խնդիրը։
«Էս ասֆալտը, որ հիմա անում են սրանք, ասեմ, որ 2016 թվականին ԱԺ–ում հաստատվել է, Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել։ Մենք ենք ստորագրել, ես այդ ժամանակ պատգամավոր եմ եղել։ Հիմա որ գալիս են, լենտերը կտրում են, իմացեք, որ դա նրանց արածը չի, ժողովրդի գումարն է։ Բացի այդ ասֆալտից, թո՛ղ ցույց տան՝ ինչ են կառուցել քաղաքում։ Ինչ էլ կառուցեն, թուրքերին ենթարկվողը տեղ չունի, հայոց ցեղասպանությունը մոռացողը տեղ չունի»,–ասաց Ղուկասյանը։
NEWS.am