Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագիրը բախվում է խոչընդոտների. Jamestown Foundation
Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը զերծ չէ բարդություններից, թեեւ այն պոտենցիալ շրջադարձ է նշում հայ-ադրբեջանական հարաբերություններում, գրել է Jamestown Foundation-ը։
Ինչպես արդեն նշվել է, խաղաղության պայմանագրի պաշտոնական տեքստը դեռ հասանելի չէ հանրությանը: Հայ վերլուծաբաններին հատկապես մտահոգում է այն նախապայմանները, որոնք դուրս են գալիս բուն տեքստից: Բաքուն այս նախապայմաններն անհրաժեշտ է համարում փաստաթղթի ստորագրումից առաջ։ Մասնավորապես, Հայաստանի կողմից սահմանադրական բարեփոխումների Ադրբեջանի հետեւողական պահանջները շարունակում են բացասական գնահատականներ ստանալ երկրի ներսում։ Ադրբեջանն ու Ռուսաստանը նաեւ կոչ են արել լուծարել Մինսկի խումբը, որը ստեղծվել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից՝ միջնորդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Խմբի լուծարման պահանջն ընդհանուր առմամբ ընդունելի է Հայաստանի համար, սակայն Երեւանը նախընտրում է, որ նախ խաղաղության պայմանագիրը պաշտոնապես ստորագրվի։
Սակայն Ադրբեջանը կարծում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական գոյությունը կարող է օրակարգ վերադարձնել Ղարաբաղի հարցը։ Տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման խնդիրը, հատկապես Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի եւ Նախիջեւանի էքսկլավի միջեւ ցամաքային ճանապարհի հետ կապված, ավելի է բարդացնում առաջընթացը խաղաղ համաձայնագրի հարցում: Այս տարվա սկզբին Փաշինյանը ասել էր, որ քննարկումները շարունակվում են բուն խաղաղության համաձայնագրից դուրս։ Սակայն Բաքուն դեռ չի արձագանքել։
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները նույնպես պոտենցիալ ռիսկ են մնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման համար։ Փաշինյանն արդեն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությանը մասնակցելու հրավերը, որից նա հրաժարվել էր անցյալ տարի։
«Քանի որ համաշխարհային ուժային դինամիկան փոխվում է, հատկապես Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող պատերազմի եւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների փոխհարաբերությունների հետ, Մոսկվան կարող է եւս մեկ անգամ ձգտել ազդեցություն գործադրել», - նշվել է հոդվածում:
Բացի այդ, ընդգծվել է, որ Երեւանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ հայ-ադրբեջանական համաձայնագրի տապալման դեպքում։ Այնուամենայնիվ, նման հեռանկարը մնում է անհավանական, քանի որ Թուրքիան պնդում է, որ Երեւանն ու Բաքուն նախ լուծեն իրենց տարաձայնությունները՝ նախքան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Թեեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանը ժամանակավորապես բացվել է 10 օրով՝ հումանիտար օգնության հոսքը դեպի Սիրիա թույլ տալու համար, Անկարան պնդում է, որ դա մշտական քայլ չէ։ Այս խնդիրներն ընդամենը մի քանիսն են այն մարտահրավերներից, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հաղթահարեն նախքան խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
Առաջիկա շաբաթներն ու ամիսները ցույց կտան, թե որքանով են երկու կողմերը հավատարիմ կայուն խաղաղության ապահովմանը: Թեեւ վերջնական խաղաղության համաձայնագրի հայտարարությունը հույսի շող է, այդ խոչընդոտները պահպանվում են: Քանի դեռ Ադրբեջանը հետ չի կանչել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր վաղեմի պահանջը, դժվար թե այն ստորագրվի մինչեւ 2026թ. կեսերը կամ նույնիսկ 2027թ.։
NEWS.am