Խորհրդարանը՝ որպես դատարան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։
«Երբ խորհրդարանը քննարկում է պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարց, ապա այն կամա, թե ակամա գործում է որպես դատարան: Դա հայտնի երևույթ է աշխարհում, կարելի է բերել որպես օրինակ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը: Այն գործում է որպես դատարան՝ ԱՄՆ նախագահին իմպիչմենթ հայտարարելու հարցում: Եթե խորհրդարանը գործում է որպես դատարան, ապա պետք է ապահովվեն արդարադատության նվազագույն պայմանները: Մեղադրողը՝ գլխավոր դատախազը, պարտավոր է ներկայացնել իր միջնորդագրին կից բոլոր ապացույցները և քննարկումը պետք է լինի բացառապես դրանց շրջանակներում:
Պատգամավորը պետք է օգտվի պաշտպանության իրավունքից, ունենա այն նախապատրաստելու ժամանակ: Կողմերը պետք է ունենան բացարկի իրավունք, պատգամավորների մեջ կարող են լինել նրանց անձնական ընկերները և թշնամիները (խոսքը չի գնում քաղաքական ընդդիմախոսների մասին): Դեռ ավելին՝ միջնորդագիրը խորհրդարանի քննարկմանը ներկայացվելուց առաջ, պետք է արժանանա հատուկ հանձնաժողովի հավանությանը: Այդ հատուկ հանձնաժողովը պետք է կազմավորվի խմբակցությունների հավասար ներկայացվածության սկզբունքով՝ քաղաքական շարժառիթներով հետապնդումը հնարավորինս բացառելու համար: Ի վերջո, քվեարկությունը պետք է լինի բաց, և անվանական դատավորը չի կարող թաքնվել: