Ավինյան ընտանիքի համար սովորական է դարձել մեր հայրենակիցներին վիրավորելը. Գեղամ Մանուկյան
ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ասաց, որ օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ։
Ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց. «Դուք էլ լավ գիտեք, որ մեր խոսակցականի մեջ արտահայտություններ կան, որոնք ուղիղ իմաստով չեն գործածվում ու նպատակ չունեն որևիցե մեկին վիրավորելու, տարանջատելու: Վստահ եմ, որ պարոն Ավինյանը վիրավորելու նպատակ չի ունեցել»:
Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Մեր ժողովրդի բառապաշարում էնքա՜ն թևավոր արտահայտություններ կան, որ, հղում տալով դրանց, չի կարելի վիրավորել: Էդպես թևավոր արտահայտություն է՝ անաղուհաց քրդի շուն, բայց որևէ մեկը չի օգտագործում։ Որպես պատգամավոր՝ մեր քուրդ եղբայրներից ու քույրերից ներողություն եմ հայցում։ Ավինյան ընտանիքի համար սովորական է դարձել մեր հայրենակիցների տարբեր խմբերին վիրավորելը»: