«Մամուլից եմ տեղեկացել դատախազության պահանջի մասին, չգիտեմ՝ ինչի դիմաց են պահանջում այդ գումարը». Մովսես Հակոբյան
«Դեռ չգիտեմ ինչի դիմաց են այդ գումարը պահանջում, կանչեն դատախազություն՝ կիմանամ։ Մամուլից եմ տեղեկացել այդ մասին»։ Այս մասին այսօր՝ մարտւ 24-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ արձագանքելով լուրերին այն մասին, որ Դատախազությունը իրենից և ՊՆ մեկ այլ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան, և պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ։
«Ավելի շատ են պահանջում, 4.5 մլրդ դրամ չեն պահանջում, այլ մի երեք անգամ ավելի շատ»,–նշեց Մովսես Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից տեղեկացել էինք, որ Դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՊՆ մեկ այլ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան։
«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի մարտի 20-ի գրության՝ հայտնում եմ, որ 2025 թվականի մարտի 14-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մովսես Հրանտի Հակոբյանի և Արմեն Սամսոնի Հարությունյանի՝ համապարտությամբ՝ որպես ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ բռնագանձելու մասին: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն տրամադրվում»,- գրել էին գլխավոր Դատախազությունից։