«Կուսակցական էլիտան ներգրավված է և խանգարում է Գյումրու ընտրություններին». Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
«Ունեի Գյումրու քաղաքապետի նախընտրած թեկնածու, ուզում էի, որ նրա շուրջ համախմբում լինի, ինչը տեղի չունեցավ Երևանի կուսակցական ղեկավարների անհասկացողության պատճառով։ Նրանք չուզեցին նպաստել մեր գաղափարի իրագործմանը»։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Իբրև թե ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում, բայց իրականում ՏԻՄ ընտրություններ չեն տեղի ունենում, որովհետև դարձյալ Երևանն է մասնակցում ու թելադրում։ Կուսակցական ընտրություններ են, բոլորը Երևանի կուսակցություններն են, վերնախավը Երևանից է։ Կուսակցական էլիտան ներգրավված է և խանգարում է ՏԻՄ ընտրություններին»,–հավելեց նա։
Հարցին՝ եթե կուսակցությունները չլինեին, գյումրեցիներն ավելի հեշտ ընտրություն կկատարեի՞ն, Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց.
«Իհարկե, նախ այդ 9-ը չէին լինի, կամ գուցե 9-ի փոխարեն 19 լինեին, բայց կլիներ այլ քանակ կամ այլ որակ։ Մարդը՝ ինքն իրենով, որպես գյումրեցի կդներ իր թեկնածությունը և կստանար, կամ չէր ստանա ձայներ։ Իսկ այսպես ստիպված է այս կամ այն կուսակցության հետ առնչվել և ասոցացվել՝ երբեմն ծիծաղելի և տարօրինակ։ Վադրան Ղուկասյանը ստիպված է «Կոմունիստական կուսակցության» ցուցակով հանդես գալ։ Լավ է, որ գոնե ժողովուրդը հասկանում է՝ դա ձևի համար է։ Բայց սա ինչ է, երբ մարդը չի կարող իբրև անհատ ներկայանալ ՏԻՄ ընտրություններին՝ մի երկրում, որտեղ կուսակցություն չկա»։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ մի քանի նախընտրելի թեկնածու ունի, բայց չի ցանկանում անուններ շեշտել։
«Իրական ընդդիմադիր թեկնածուները չորսն են՝ Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Կարեն Սիմոնյանը և Արտյոմ Ղարաղազարյանը։ Մյուս 5-ը ընդդիմադիր չեն, մեկն արդեն պարզ է՝ իշխանական թեկնածու է։ Նրա հետ ես անձնապես խնդիր չունեմ։ Մեկը սատելիտ թեկնածու է, մյուս երեքն էլ՝ կեղծ ընդդիմադիր։ Ռուբեն Մխիթարյանն էլ է կեղծ ընդդիմադիր։ Այս քաղաքի համար մեկ ընդդիմադիրը Շիրակի թեմի աձաջնորդն է, ուրեմն եթե այդ ընդդիմադիր կոչվող թեկնածուները շփման մեջ չեն Շիրակի թեմի առաջնորդի հետ, ուրեմն իրական ընդդիմադիր չեն, այլ ինչ–որ մեկի շահերն են սպասարկում»,–ասաց նա՝ նշելով, որ ընդդիմադիր թեկնածուներից միայն 4-ն են կապի մեջ Շիրակի թեմի առաջնորդի հետ։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ չի կարծում, թե ՔՊ–ն կարող է մեծամասնության քվեն ստանալ։