Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը. «Հետք»
Երևանում և մարզերում գործող «Ծիրան» սուպերմարկետների ցանցը նոր սեփականատեր ունի։ «Հետք»-ը պարզել է, որ սուպերմարկետները ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը, որին պատկանում է նաև «88» սուպերմարկետների ցանցը։ Միայն «Ծիրան» ապրանքանիշի ներքո գործում է ընդհանուր 22 սուպերմարկետ: Գործարքը տեղի է ունեցել 2025 թ.-ի փետրվարին։
Սուպերմարկետները շահագործում է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ն։ Ընկերության 100% բաժնեմասը, մինչև գործարքը, պատկանել է ցանցի հիմնադրին՝ Արամ Հարությունյանին, իսկ փետրվարի 24-ից բաժնետոմսերը պատկանում են Կոտայքի մարզի Արգել գյուղում հաշվառված Արմեն Մարգարյանին։ Իրավաբանական անձանց ռեգիստրում ՍՊԸ-ի տվյալներում թեև նշված չէ Նարեկ Նալբանդյանի անունը, սակայն «Հետք»-ը տեղեկացավ, որ ընկերության իրական սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է։ Գործարքի վերաբերյալ այլ տեղեկություններ փորձեցինք ճշտել Նարեկ Նալբանդյանից։
-Պարո'ն Նալբանդյան, մենք տեղեկացել են, որ Դուք ձեռք եք բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը։ Բայց իրավաբանական անձանց ռեգիստրում այս ընկերության բաժնետերը դուք չեք անձամբ, Արմեն Մարգարյանն է։
–էլի մենք ենք, տարբերություն չկա, մեր գրուպի հիմնադիրներից է, իմ քրոջ որդին է։
Թաքցնելու խնդիր չկա։ Հիմա գործարքի էությունն ասեմ, որ ձեր մոտ ճիշտ կարծիք կազմվի։ «Ծիրան» սուպերմարկետների ցանցը նախ արդեն սնանկացած հիմնարկ էր, արդեն սնանկության էր գնում, որովհետեւ լիքը կազմակերպություններ դիմում էին արդեն իրանց պրոբլեմատիկ պարտքերի հետ կապված։ Գրեթե հիսուն տոկոսով էդ պարտավորություններն արդեն մարել ենք ու առողջացնում ենք։ Յոթ հարյուր հիսուն աշխատող պետք է ազատվեր աշխատանքից, անգործ մնար ու սնանկանար։ Հա'մ պետությունն էր տուժելու, հա'մ՝ մարդիկ, իրավաբանական այլ կազմակերպություններ էին իրանց գումարները կորցնելու սնանկացման հետևանքով։ էդ ամեն ինչը առողջացվում է էս պահին արդեն ամբողջությամբ։
-Իսկ պարտքերը, որոնք որ վերցրել եք, կարո՞ղ եք ասել՝ որքան են։
-Այս պահին թիվը ճշգրիտ չեմ տիրապետում, բայց մեծ պարտավորություններ են եղել, որի 50%–ն արդեն վճարել ենք։ Պետության նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ է մարվել։ Դիմացի կազմակերություններինը 50 տոկոսով մարել ենք, գրաֆիկներ ենք տվել, որ ամբողջությամբ մարելու ենք, ու ընկերությունն առողջանում է։ Աշխատատեղերն էլ ավելացնում ենք, որովհետև նոր «Ծիրան»-ներ ենք ուզում բացել։
-Այսինքն, ցանցի անվանումը պահելո՞ւ եք։
-Բրենդը պահելու ենք, ինքը «88» չի դառնալու, երկու ցանցն էլ առանձին է զարգանալու։ Առաջիկա ամսվա ընթացքում 3 նոր «Ծիրան» սուպերմարկետ է բացվելու։ Այս պահին 22 սուպերմարկետ է, իսկ 3-ն այժմ վերանորոգում ենք, որ բացենք։
-Եթե «Ծիրան» սուպերմարկետների թիվը գումարենք «88» սուպերմարկետների թվին, ի՞նչ թիվ կստանանք։
-39: Այժմ 22 «Ծիրան» է, 17 հատ էլ՝ «88»։
-Շուկայում գերիշխող դիրք ունենալու հավակնություն ունե՞ք։
-Մենք մեր գործն ենք անում։ «Երևան Սիթին» այս պահին կարծեմ 60 է։ «Զովքը» 40 է։ Այս պահին 3-4-րդ տեղում ենք։
-Տեղեկություններ կան, որ «Ծիրան» սուպերմարկետների ցանցը ձեռք բերելու ժամանակ բանակցություններին մասնակցել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
-Նման բան գոյություն չունի։ Ստից բամբասանքներ են։ Ի՞նչ կապ ունեն իրենք։
-Այն, որ Դուք Արգամ Աբրահամյանի հետ կապ ունեիք, դա գիտեինք։
-Ուսանողական ընկերներ ենք եղել, այդ պատմությունը ես ձեզ պատմել եմ։ Բայց ընդհանրապես կապ չունի։ Մարդիկ (նկատի ունի նախկին սեփականատիրոջը, հեղ․) վաղուց մեր հետ բանակցությունների մեջ էին «Ծիրանի» հետ կապված, եկանք փոխադարձ համաձայնության, գործարքն արեցինք։
-Մինչև «Ծիրան» սուպերմարկետների ցանցի գնումը, Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ էր սկսկել ցանցում, ավարտվե՞լ են այդ ստուգումները, թե՞ դեռ շարունակվում են։
-Շարունակվում են, ընթացիկ ստուգումներ են։ Մենք բաժնետոմսերն ենք առել, բայց ստուգումները շարունակվում են, չեն ավարտվել։ Պետությունն էլ չի ուզում կազմակերպությունը կործանվի, դիմացն էլ այլ կազմակերպություններ կան։ Ինձ թվում է՝ բոլորն էլ շահագրգռված են, տրամադրված են, որ առողջանա այս հիմնարկը։ Ինչո՞ւ վաճառեցին, որովհետև կարող էր գոյություն չունենար այդ ցանցը, ու 750 աշխատատեղեր, մատակարարներին չվճարված պարտավորություններ և այլն։