Ինչո՞ւ հիմա որոշվեց 10 օրով բացել սահմանը, ինչո՞ւ է azertag.az-ը հոդված հրապարակել՝ հղում անելով Թուրքիայի նախկին դեսպանին, ապա հեռացրել այն
Մարտի 20-ի կառավարության նիստում որոշում էր կայացվել՝ մարտի 21-31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը կբացի, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ, այն նախագիծը, որն ընդունեց կառավարությունը, և այն հայտարարությունը, որն արվեց, ուղղակի 30 տարուց ավելի տևող Հայաստանի՝ թուրքական շրջափակման արդարացումն է:
«Որովհետև հայտարարությունը, որ Հայաստանը 10 օրով բացում է Մարգարայի կամուրջը, որ Սիրիա հումանիտար օգնություն ուղարկի, որևէ տրամաբանության մեջ չի մտնում, որովհետև Մարգարայի կամուրջը երբեք պաշտոնապես Հայաստանի Հանրապետության կողմից փակված չի եղել, այլ փակված է եղել Թուրքիայի կողմից Ալիջանի անցակետը:
Այսինքն, Հայաստանի հետ թուրքական սահմանն է, որ Թուրքիան 1993 թվականին փակել է: Եվ այս առումով ուղղակի միջազգային ասպարեզում տպավորություն է ստեղծվում՝ հայկական կողմն է, որ փակել է սահմանը, և հիմա էլ հումանիտար օգնություն ուղարկելու համար բացել է:
Այս ընթացքում Հայաստանը զիջել է իր կենսական խաղաքարտերը, իսկ Մինսկի խմբի առկայությունն անգամ այս ոչ ակտիվ փուլում անհրաժեշտ է․ Ադրբեջանագետ
Ինչպես ՉՊԵՏՔ է բանակցել
Ի դեպ, դեռ հարց է՝ ինչո՞ւ հիմա որոշվեց հումանիտար օգնություն ուղարկել, և ո՞ւմ է ուղարկվել կոնկրետ՝ արդյո՞ք Սիրիայի մեր հայրենակիցներին դրանից մասնաբաժին կա, կամ՝ ամբողջապես հայ համայնքի՞ն է ուղարկվել, ոչ մի բառ այդ մասին չասվեց: Իսկ իրականում սա տեղավորվում է նույն թուրքական արտաքին քաղաքականության մեջ՝ սեփական պետությանը խաղաղասեր, տարածաշրջանում կայունություն մտցնող երկիր ներկայացնելու համար»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Այս համատեքստում հարկ է անդրադառնալ ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքին: Մարտի 20-ին minval.az-ը հոդված էր հրապարակել՝«Թուրքիան Հայաստանի համար բացում է «Մարգարան», իսկ որտեղ է «Զանգեզուրի միջանցքը» վերտառությամբ, որտեղ լրատվամիջոցի խմբագրականում նշվում է՝ տպավորություն է, որ Անկարան Հայաստանից չի պահանջում փոխադարձության սկզբունքի պահպանում:
«Եթե այսօր Թուրքիան Հայաստանին ընդառաջ քայլեր է անում՝ փոխարենը ոչինչ չստանալով, արդյո՞ք դա նշանակում է՝ աչք փակել ռազմավարական նշանակության թյուրքական նախագծի իրականացմանը խոչընդոտելու Հայաստանի փորձերի վրա: Մենք հարցումներ ենք ուղարկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և դեսպանություն, որպեսզի պաշտոնական պարզաբանում ստանանք այս իրավիճակի հետ կապված»,- շեշտվում է ադրբեջանական լրատվամիջոցի խմբագրականում:
Իսկ մարտի 21-ին minval.az-ն այս թեմայով մեկ այլ հոդված էր հրապարակել՝ «Հարված թյուրքական միասնությանը. Ով է Անկարայում խաղ խաղում Բաքվի թիկունքում» վերտառությամբ, որտեղ հիշեցվում է՝ Թուրքիան վստահեցնում էր, որ մինչև «Զանգեզուրի միջանցքը» չգործի, Հայաստանի հետ թուրքական սահմանը չի բացվի:
Եվ այս ամենի ֆոնին մարտի 23-ին azertag.az-ը հոդված է հրապարակում, որտեղ հղում է արվում Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչին, թե «Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի», և, որ «թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքը շահարկելու փորձերը դատապարտված են ձախողման»:
Ադրբեջանական լրատվամիջոցի այս հոդվածը հայկական լրատվամիջոցներում տարածվել էր ռուսերեն և հայերեն տարբերակներով, մինչդեռ այն որոշ ժամանակ անց հեռացվել էր azertag.az-ից, իսկ լրատվամիջոցին Թուրքիայի նախկին դեսպանի հետ վերջին զրույցը տեղի է ունեցել մարտի 17-ին է, երբ դեռ «Մարգարա» անցակետի հետ կապված ՀՀ կառավարությունը որոշում չէր կայացրել:
Ընդ որում, հենց այս հարցազրույցում է Հուլուսի Քըլըչն ասել՝ «Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի», և հենց այս ձևակերպումն է նաև տեղ գտել հեռացված հոդվածում՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված ադրբեջանական կողմի դժգոհության ֆոնին:
Թե ինչու է azertag.az-ը նման հոդված տեղադրել և հեռացրել, երբ Թուրքիայի նախկին դեսպանի հետ ավելի վաղ էր զրուցել, կարող ենք միայն ենթադրություններ անել, ինչպես նաև՝ թե ինչո՞ւ է Թուրքիան համաձայնել հիմա թեկուզ ժամանակավոր բացել հայ-թուրքական սահմանը:
Նշենք, որ այս տարվա փետրվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում այսուհետ սահմանային ծառայությունն իրականացվելու է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։
Հ.Գ. Ի դեպ, ավելի ուշ ermenihaber.am-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որտեղ հերքել է այն լրատվամիջոցների հրապարակումները, որոնք խեղաթյուրում են հայ-թուրքական սահմանի բացման իրադարձությունները:
168.am