Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ
Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի։ Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքը շահարկելու փորձերը դատապարտված են ձախողման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը Azertac-ին տված հարցազրույցում։
«Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե իբր Անկարան բացել է Հայաստանի հետ սահմանը՝ առանց այդ մասին Բաքվին տեղեկացնելու, նպատակ ունի վնասել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությանը։ Կեղծ տեղեկությունների հետևում կանգնած են Թուրքիայի և Ադրբեջանի միասնությամբ և սերտ համագործակցությամբ մտահոգված շրջանակները: Թուրքական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ սերտորեն համակարգում և քննարկում են Երևանի հետ կապված ցանկացած քայլ», — ասել է նա։