Թուրքիայի իշխանությունները բռնել են 343 մարդու գիշերային բողոքների ժամանակ
Թուրքիայի իշխանությունները Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման դեմ գիշերային ցույցերի ընթացքում մի քանի քաղաքներում ձերբակալել են 343 մարդու, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։
Ցույցեր են տեղի ունեցել ավելի քան մեկ տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքում եւ մայրաքաղաք Անկարայում, նշվել է նախարարության հայտարարությունում։
Նախարարությունը հայտնել է, որ ձերբակալությունները կատարվել են «հասարակական կարգի խախտումը» կանխելու համար, եւ նախազգուշացրել է, որ իշխանությունները չեն հանդուրժի «քաոսն ու սադրանքները»:
Չորեքշաբթի Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության մասին՝ կապված կոռուպցիայի, կաշառակերության եւ կաշառք տալու հետ։ Ինքը՝ քաղաքական գործիչը, ասել է, որ «մտադիր չէ հանձնվել» իշխանությունների ճնշման տակ։
Դրանից հետո ամբողջ Թուրքիայում բողոքի լայնածավալ ակցիաներ են սկսվել։
NEWS.am