Երիցյանը պնդում է՝ իր դեմ արշավ է սկսվել՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց հետո
«Իրականությանը հետ որևէ աղերս չունի։ Կազմակերպված արշավ է իմ դեմ»,- այսպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձագանքեց փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, համաձայն որի՝ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, թե Ռոման Երիցյանի կողմից խարդախության զոհ է դարձել։
Հիշեցնենք, որ տեղեկությունը մամուլում շրջանառվել էր այսօր, ըստ որի՝ Երեւանի բնակիչը հաղորդում է ներկայացրել փաստաբանի դեմ առ այն, որ փաստաբանական ծառայություններ մատուցելու քողի ներքո իրենից գումարներ է հափշտակել։
Այս լուրին Ռոման Երիցյանը ծիծաղով արձագանքեց՝ հերքելով այն։ Նա նշեց, որ քիչ անց կանդրադառնա՝ բացահայտումներ իրականացնելով, այդ թվում՝ ՔԿ-ի և ՆԳՆ-ի վերաբերյալ։ Երիցյանը կասկածներ ունի, որ սա կարող է կազմակերպված լինել՝ արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկանների կողմից։ Ինչպես հիշեցրեց Երիցյանը՝ իր նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին խոսել էր դեռ նախօրեին՝ խոշտանգման դեպքի մասին բարձրաձայնելուց հետո։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո