Ի վերջո կզբաղվե՞ք Ձեր խնդիրներով, եթե ոչ, հրաժարվե՛ք ՄԻՊ պաշտոնից և ստանձնե՛ք պարեկի պաշտոն. Ղազարյանը՝ ՄԻՊ-ին
ՄԻՊ մասին սահմանադրական օրենքի երկրորդ հոդվածը սահմանում է ՄԻՊ գործառույթները, ըստ որի Պաշտպանը հետևում է պետական և ՏԻ մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում խախտված իրավունքների ազատությունների վերականգնմանը: Այս մասին ԱԺ լսումների ժամանակ, դիմելով ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանին, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Այն խնդիրը, որի մասին խոսում եք և ներկայացնում եք, չի վերաբերվում պետական կառավարման, ՏԻՄ-երի կողմից մարդկանց իրավունքների խախտմանը, վերաբերում է մասնավոր սեկտորին որոնց հետ կապված իրավաքաղաքական հարաբերությունները կարգավորվում են վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ և բացարձակապես դուրս են ՄԻՊ մանդատի շրջանակներից։ Դրա փոխարեն ՄԻՊ իրավասության տիրույթում պետք է լինեին, և կարծում եմ այս օրերին հատկապես, Արցախի ցեղասպանված և բռնի տեղահանված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը: ՔԿ-ի մոտ կազմակերպվում են ինքնաբուխ բողոքի ակցիաներ՝ հանիրավի կերպով ոստիկանության բաժնում բռնության ենթարկված քաղաքացիների համար։ Բայց մեկ էլ պարզվում է, որ Ձեր հիմնական մանդատին վերաբերող հարցերը միշտ դուրս են մնում Ձեր ուշադրության կենտրոնից: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ Ձեր խնդիրներով ի վերջո կզբաղվե՞ք, թե՝ չէ, իսկ եթե շատ եք ուզում զբաղվել այս խնդրով, որը շատ կարևոր խնդիր է, ապա կարծում եմ, որ շատ հանգիստ կարող եք հրաժարական ներկայացնել ՄԻՊ-ի պաշտոնից և ստանձնել պարեկի պաշտոնը, ի դեպ, պետությունը խրախուսում է կանանց ներգրավվածությունը պարեկային ծառայությունում»,- ասաց Ղազարյանը: