Ալավերդու բնակիչներն անհանգստացած են՝ երկրաշարժ է տեղի ունեցել, ձյուն եկել, գետն էլ վարարել է
Ալավերդու բնակիչներն անհանգստացած են՝ Դեբեդ գետը նկատելի վարարել է։
«Անզեն աչքով տեսանելի է ու անցյալ տարվա ջրհեղեղից հետո վախով սպասում ենք, հատկապես գետի ափին մոտ այգիներ ունեցող մարդիկ վախով սպասում են, որ տեղացած այսօրվա ձյունը, եթե արագ հալվի, նորից գետի հունը բարձրանալու է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր, Ալավերդու բնակիչ Ռաֆիկ Ղազինյանը։
Նրա փոխանցմամբ՝ տեղացած ձյան բարձրությունը կազմել է 25 սմ, բարձրավոլտ հոսանքի կայանը ևս վնասվել է։ «Առավոտից Ալավերդիում հոսանք չկա» , - ասաց Ռաֆիկ Ղազինյանը։
Նրա խոսքերով՝ առավոտյան երկրաշարժը բնակիչները զգացել են, ասում են, որ զգալի ցնցում էր։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այս գիշեր կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս՝ 3․7 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում՝ 4 բալ, Շիրակի մարզում՝ 3-4 բալ և Արագածոտնի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։