Կովկասյան դերբի. առանց առաջատարների և ընդգծված ֆավորիտի
Այսօր՝ մարտի 20-ին, ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։
Հայաստանի հավաքականն այնքան էլ լավ հանդես չեկավ C լիգայում: Թիմին հաջողվեց վեց հանդիպումից հավաքել ընդամենը յոթ միավոր, սակայն դա բավական էր Ֆարերյան կղզիներից ու Լատվիայից շրջանցելու համար։ Ամեն ինչ որոշեց վերջին տուրում Լատվիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:1). Մինչ այս թիմը սեփական դաշտում պարտվել էր Ֆարերյան կղզիներին (0:1) և Հյուսիսային Մակեդոնիային (0:2): Տանտերերը դեռ ոչ մի հանդիպում չեն անցկացրել 2025 թվականին, նրանք կխաղան Վրաստանի հետ ավելի հեղինակավոր B լիգայի ուղեգրի համար։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն Ազգերի լիգայի շրջանակներում Վրաստանի դեմ հանդիպումից դրական ակնկալիքներ ունի:
«Մենք քիչ ժամանակ ունեցանք առաջին խաղին նախապատրաստվելու համար: Տեսնում ենք ֆուտբոլի ընտրանու անդամների նվիրվածությունը հավաքականին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները պատրաստակամ են անելու այն, ինչ մենք խնդրում ենք: Ինչ վերաբերվում է Վրաստանի դեմ առաջիկա խաղին, ապա փորձելու ենք լուրջ դժվարություններ ստեղծել նրանց համար»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացած հրավերին` Սխիպն ընդգծեց, որ իրեն դուր է եկել այն նախագիծը, որը ստացել է հայկական կողմից և իրեն դուր են գալիս Հայաստանում առկա ֆուտբոլային ենթակառուցվածքները: «Ես պատրաստ էի նորից անցնել աշխատանքի որպես մարզիչ և ես ուզում էի աշխատել այնպիսի նախագծերի վրա, ինչպիսին անցյալում Հունաստանի հավաքականն ու «Այաքս»-ն էին: Իմ առջև դրված խնդիրներն են` մոտ ապագայում, Վրաստանի դեմ առաջիկա երկու խաղերում դրական արդյունք, իսկ առավել հեռու ապագայի առումով` մեր խնդիրն աշխարհի առաջնության համար Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջող մասնակցությունն է»,-ասաց նա:
Մեկնաբանելով ֆուտբոլիստների իր ընտրությունը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում՝ Ջոն վան’տ Սխիպը նշել է հետևյալը. «Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, մեզ վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը: Ես խոսել եմ Էդուարդի հետ, նա շատ է ցավում, որ չի կարող միանալ թիմին և անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին:
Վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Կալիսիրը, որը ևս կար մեր ցուցակում:
Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին:
Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում: Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանի խոսքով՝ հավաքականի ֆուտբոլիստները Վրաստանի դեմ խաղում մոտիվացիայի կարիք չունեն. նրանք գիտեն՝ ում հետ մրցում:
«Մենք արդեն ծանոթացել ենք մարզչի հետ: Գիտենք, որ նրա համար մի փոքր դժվար է, քանի որ քիչ ժամանակ է ունեցել աշխատելու համար: Բայց, ընդհանուր առմամբ, նա հասցրել է իր մտքերը մեզ: Նա որակապես լավ մարդ ու լավ մասնագետ է: Լիահույս եմ, որ մեծ հաջողությունների կհասնենք միասին: Մենք մոտիվացիայի կարիք չունենք: Խաղում ենք մեր հարևանների` Վրաստանի դեմ ու գիտենք թե ինչ թիմ ունեն նրանք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարոյանը:
Վերջինիս խոսքով` Հայաստանի ֆուտբոլիստները հստակ գիտակցում են, թե թիմին ինչ հանդիպում է սպասվում Վրաստանի դեմ խաղերում, որոնցից առաջինը կկայանա այսօր:
Վրաստանի հավաքականը 2024 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ բավականին հաջող հանդես է եկել։ Թիմը նույնիսկ կարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ՝ խմբային փուլում հաղթելով Պորտուգալիայի հավաքականին (2:0): 1/8 եզրափակիչում վրացիները նույնիսկ կարողացան բացել հաշիվը Իսպանիայի հավաքականի դեմ խաղում, սակայն ի վերջո 1։4 հաշվով պարտվեցին ապագա չեմպիոնին։
Թիմը Ազգերի լիգայում սկսեց երկու անընդմեջ հաղթանակով՝ Չեխիայի (4:1) և Ալբանիայի (1:0) նկատմամբ, սակայն այս հաղթանակները մնացին միակը վեց խաղում։ Արդյունքում Վրաստանը խմբում զբաղեցրեց երրորդ տեղը մի՝ միայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով միայն Ալբանիայի թիմից։
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլի կարծիքով՝ Հայաստանի դեմ Ազգերի լիգայի անցումային խաղերում ֆավորիտները չկան:
«Այս հանդիպումը դերբի է երկու հավաքականների համար և նմանատիպ խաղերը չեն ունենում ֆավորիտ թիմեր: Մենք գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում և դժվար է լինելու նաև Հայաստանի հավաքականի համար: Հանդիպումն այստեղ է` Հայաստանում և չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի մեծածավալ աջակցություն կունենա Հայաստանի հավաքականը: Նրանք փոխել են իրենց մարզչին և հենց սա էլ հիմք ընդունելով, կարծում եմ` հեշտ չի լինելու: Վրացի ֆուտբոլիստները պատրաստ են, ու պատրաստ են լավ ֆուտբոլ խաղալու»,- լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Սանյոլը:
Անդրադառնալով Վրաստանի ֆուտբոլի ընտրանու ընդլայնված կազմում ներքին առաջնությունից ֆուտբոլիստների բացակայությանը` մասնագետը շեշտեց, որ թեպետ նախորդ խաղերում ազգային թիմում ներքին առաջնությունից ֆուտբոլիստներ կային, սակայն այն, որ այժմ բացակայում էին հայտացուցակից, նշանակում է, որ բավական լավ մարզավիճակում չեն:
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Օթար Կիտեիշվիլիի կարծիքով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միշտ էլ ամբողջ սրտով է մտնում խաղադաշտ:«Ես Վրաստանի հավաքականում էի, երբ մենք մրցում էինք Հայաստանի հետ 2020 թվականին: Ինչպես հիշում եք, մեզ համար բարդ հանդիպում ստացվեց: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը միշտ լավ է նախապատրաստվում հանդիպումներին, հայերը միշտ ամբողջ սրտով են մրցում: Մեզ բարդ խաղ է սպասվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կիտեիշվիլին:
Հարկ է նշել, որ որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնի Վրաստանի հավաքականի առանցքային խաղացող Խվիչա Կվարացխելիան։
Փորձագետների կանխատեսումները Վրաստանի հավաքականի օգտին են՝ հաշվի առնելով նրա վերջին հաջողությունները, այդ թվում՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելը և Պորտուգալիայի նկատմամբ հաղթանակը։ Սակայն Կվարացխելիայի բացակայությունը կարող է ազդել թիմի խաղի վրա։ Հայաստանի հավաքականն իր հերթին դժվարություններ է ապրում, այդ թվում՝ վերջին պարտություններն ու կադրային խնդիրներ։
Այսպիսով, չնայած Վրաստանի հավաքականի ֆավորիտի կարգավիճակին, հանդիպման ելքը մնում է անկանխատեսելի, և շատ բան կախված կլինի երկու թիմերի ներկայիս մարզավիճակից և տրամադրությունից: