Անուշ Պողոսյանի դիմումի հիման վրա ՊՎԾ-ն նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն
«Առողջության իրավունք» ՀԿ նախագա Անուշ Պողոսյանը դիմել էր ՊՎԾ-ին, որպեսզի ուսումնասիրվի Անդրանիկ Հարությունյանին Մարտունու ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար նշանակելու փաստը։
Անուշ Պողոսյանը հրապարակել է ՊՎԾ-ից ստացած պատասխան գրությունը և գրել. «ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը կատարեց իր օբեկտիվ մշտադիտարկումը, հերթը ՀՀ գլխավոր դատախազությանն է….»։
Գրությամբ ՊՎԾ-ն հայտնել է, որ ուսումնասիրել է Անդրանիկ Հարությունյանին նշանակելու գործընթացը և արձանագրել է փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու առերևույթ հանցագործության հատկանիշներ և այդ հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Հիշեցնենք, որ 2023 թվականին մեծ շուքով բացվեց Մարտունու բժշկական կենտրոնը, կարճ ժամանակ անց պարզվեց, որ շինարարությունը անորակ է, Փաշինյանի մասնակցությամբ բացված բժշկական կենտրոնը շահագործման ենթակա չէր։ Դրա հետևանքով նույնիսկ առողջապահության նախարարության պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝ փոխնախարարը և ԾԻԳ-ի պետը, ինչպես նաև Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը: Սակայն 1-2 ժամ հետո նա նշանակվեց ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Մի քանի անգամ հայտարարվեցին մրցույթներ բուժհաստատության տնօրեն նշանակելու համար:
2024 թվականի դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Հարությունյանին հանձնաժողովը քվեարկությամբ 7 կողմ ձայնով թույլ չտվեց մասնակցել մրցույթին, քանի որ նա չուներ 3 տարվա մասնագիտական ստաժ, սակայն դա չխանգարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին Անդրանիկ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։
ՀՀ ԱՆ կողմից գործուղված հանձնաժողովի անդամները նորից փաստել են, որ Անդրանիկ Հարությունյանը չունի մասնագիտական կամ հանրային ծառայողի ստաժ, սակայն մարզպետարանի կազմը 3 դեմ, 4 կողմ ձայներով նախապատվությունը տվեց Անդրանիկին: Այսպիսով, Անդրանիկ Հարությունյանը չհաղթահարեց անհրաժեշտ շեմը։ Գեղարքունիքի մարզպետը Անդրանիկին նշանակեց տնօրեն՝ անտեսելով ՀՀ ԱՆ մասնագիտացված վարչությունների ղեկավարների կարծիքը, դիտորդների ներկայությունը, անհայտ ծագումնաբանությամբ թղթերի և տեղեկանքների առկայությունը։