Գյումրիի ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ
Հայաստանում արդեն մի քանի շաբաթ է խոսվում է սահմանադրական բարեփոխումների մասին։ Այդ համատեքստում քննարկվում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարները։ Մինչդեռ «հերթական ռեժիմով» ԱԺ նախընտրական քարոզարշավը պետք է տեղի ունենա միայն 2026 թվականին: Բայց դա չի նշանակում, որ հանրապետությունում ընդհանրապես ներքաղաքական խարդավանքներ չկան։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Մարտի վերջին Հայաստանի մեծությամբ երկրորդ՝ Գյումրիի մունիցիպալիտետում նախատեսված են արտահերթ ընտրություններ։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ին և կավարտվի 28-ին։ Իսկ քվեարկության արդյունքները կդառնան իշխող կուսակցության աջակցության մակարդակի կարևոր չափանիշ և, ընդհակառակը, ցույց կտան ընդդիմության ներուժի առկայությունը (կամ բացակայությունը):
Մունիցիպալ քաղաքականությունը հայկական ձևով՝ հետաքրքիր ֆենոմեն է։ Հաճախ պատգամավորական տեղերի համար պայքարում են ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան ազգային միավորումները, որքան տեղական ուժերը, որոնցից շատերը խիստ քննադատաբար են գնահատում ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ խորհրդարանական մեծամասնության իշխանամետ կուսակցությանը՝ «Քաղաքացիական պայմանագրին»:
2024 թվականի հոկտեմբերին Գյումրիում մունիցիպալ ճգնաժամ բռնկվեց: «Բալասանյան» խմբակցությունից (այն ժամանակ իշխող տեղական դաշինքը) 14 պատգամավոր հրաժարվեցին մանդատներից։ Նրանց աջակցություն էր հայտնել նաև Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Շատ մեկնաբաններ այս դեմարշը կապում էին հանրապետական կառավարության կողմից ճնշման հետ: Սամվել Բալասանյանը եղել է իր անունը կրող դաշինքի ստեղծողը, ժամանակին զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը: Մինչ այդ «նախկինների» օրոք քաղաքական գործիչը սերտորեն կապված էր Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանի» հետ և նույնիսկ զբաղեցնում էր խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը։
Բայց նոր իշխանության օրոք Բալասանյանը դարձավ ընդդիմադիր քաղաքական գործիչ, թեև նա զբաղեցրեց երկրի մեծությամբ երկրորդ քաղաքապետարանի ղեկավարի պաշտոնը մինչև 2022 թվականը։ Ինչևէ, քաղաքապետարանի ճգնաժամը մեծապես առնչվում է նաև Գյումրու նախկին քաղաքապետի և նրա որդու նկատմամբ քրեական գործ հարուցելու հետ։ Իշխանությունների ընդդիմախոսներն ասում են, որ իշխանությունը դրանով որոշել է «իրենով անել» Գյումրին։ 2024 թվականի նոյեմբերի 8-ին ավագանին չկարողացավ նոր քաղաքապետ ընտրել, քանի որ իշխող քաղաքական ուժը առանց ընդդիմադիր ուժերի աջակցության չկարողացավ քվորում ապահովել։ Արդյունքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը դարձավ «իշխանության կուսակցության» ներկայացուցիչ Սարիկ Մինասյանը։
Մարտի 30-ին նշանակված ընտրությունները ցույց կտան՝ Գյումրին «Քաղաքացիական պայմանագրի» վերահսկողությանը վերադարձնելու գործընթացն ամբողջությամբ ավարտվե՞լ է արդյոք։ Գյումրու ավագանու ընտրություններին (որի արդյունքներով էլ կորոշվի քաղաքապետը) կմասնակցի վեց կուսակցություն և երեք քաղաքական դաշինք։ Թերևս այդ քարոզարշավը նաև համահայկական նշանակություն կունենա»,-նշել է Սերգեյ Մարկեդոնովը։
Աղբյուրը՝ news.am