Ինչ են ասել Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում
Hetq.am-ը գրում է.
Մարտի 14-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ Նիստին շարունակվել է հայ գերիների հարցաքննությունը։
Ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ պատասխանելով դատախազ Վուսալ Աբդուլաևի հարցերին՝ Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանն ասել է՝ Արցախի բյուջեն ձևավորվել է Հայաստանից ստացված միջոցների հաշվին։ Ըստ Սահակյանի՝ միջոցները տրամադրվել են տարեկան կտրվածքով։ Նա նաև հավելել է. «Բյուջեն ձևավորվել է Հայաստանի կողմից տրամադրվող վարկերի, ինչպես նաև անհատական եկամուտների հաշվին։ Բացի այդ, ամեն տարի որոշակի գումար էր հավաքվում, և աշխարհի տարբեր ծայրերից յուրաքանչյուրը կարող էր նպաստել հիմնադրամին»:
Բակո Սահակյանը հայտնել է, որ թեև Հայաստանի կողմից հատկացված միջոցները անվանվել են անտոկոս վարկեր, սակայն դրանք երբեք չեն մարվել։ «Մենք 1991-2023 թվականներին Հայաստանից ուղարկված ոչ մի գումար չենք վերադարձրել, քանի որ դա անտրամաբանական կլիներ։ Մեր անձնական ռեսուրսները բավարար չէին մեր կարիքները բավարարելու համար»,- ասել է նա։
Արցախի երրորդ նախագահը նշել է, որ Արցախում արտադրված ապրանքները օտար երկրներին վաճառվում էին «Արտադրված է Հայաստանում» պիտակով։ Նա պատմել է, որ Հայաստանի քաղաքացիները կարող էին սեփականություն ձեռք բերել Արցախում, իսկ Արցախում բնակվողները կարող էին գույք գնել Հայաստանում այդ երկրի քաղաքացու կարգավիճակով՝ օգտվելով նաև այլ իրավունքներից։ «Հայաստանը մեզ համար օտար երկիր չէր համարվում»,- ասել է Բակո Սահակյանը։
Պատասխանելով հարցերին՝ նա ասել է, որ Արցախի պաշտպանության բանակը ենթարկվել է հայկական զինված ուժերին։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևի հարցերին ի պատասխան՝ Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և այլ բարձր պաշտոնների նշանակումը կատարվել է Արցախի նախագահի կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարարության թեկնածության հիման վրա։
Բակո Սահակյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունից զենք-զինամթերք է բերվել Արցախ։ Հարցին, թե Արցախում ինչպես են վճարել զինծառայողների աշխատավարձերը, նա ասել է, որ բանակի հետ կապված ծախսեր չեն ունեցել, զինվորական բոլոր ծախսերը, աշխատավարձերը ուղղակիորեն հատկացվել են Հայաստանի պետական բյուջեից, և դա կապ չի ունեցել Արցախին հատկացված վարկերի հետ։
Պատասխանելով դատախազ Ֆուադ Մուսաևի հարցերին՝ Բակո Սահակյանն ասել է, որ ինքը չգիտի Արցախում զինծառայողների ստույգ թիվը, քանի որ Արցախի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ոչ թե իրեն։ Նա ասել է, որ, այնուամենայնիվ, ինքը տեղեկացել է զինծառայողների ոչ պաշտոնական թվին, քանի որ լավ հարաբերությունների մեջ է եղել Արցախի պաշտպանության նախարարի հետ։ «Պաշտպանության նախարարը պաշտոնապես չի զեկուցել Արցախի նախագահին, բայց մենք անձնական շփումներ ենք ունեցել, ինչը բնական է։ Քանի որ Պաշտպանության բանակը պատասխանատու էր Արցախի անվտանգության համար, ես պետք է իմանայի, թե մենք քանի հոգի ենք»,- ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում