Հպարտ է. Ֆեյսբուքում Էրդողանի հետ հանդիպումն ամենաշատ լայքերն է հավաքել
Շատերն ասում են՝ Հայաստանի և Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց այն չի իրագործվում, հետեւաբար, դուք պետք է արձանագրեք այդ քաղաքականության ձախողումը։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեցՆիկոլ Փաշինյանը:
«Ես դրա հետ չեմ համաձայնվում։ Ես և մեր քաղաքական թիմը վճռական են, համբերատար, հետևողական խոսակցության, երկխոսության, փաստերի և փաստարկների դաշտում, հասնել նրան, որ տարածաշրջանը Հայաստանի համար լինի կայունության, խաղաղության և բարեկեցության աղբյուր: Բայց որպեսզի դա տեղի ունենա, տարածաշրջանը պետք է նաև տարածաշրջանի մյուս երկրների համար լինի խաղաղության, համագործակցության, բարեկեցության, անվտանգության և կայունության աղբյուր։ Մենք մեր քաղաքականությունները վարելիս առաջին հերթին ընկալում ենք մեզ որպես տարածաշրջանային երկիր»,-ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ երբ օրակարգում էր, որ պետք է շփումներ լինեն Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, ինքնին փաստը, որ նման շփում է տեղի ունենում, կարող էր շատ բարդ արձագանք ունենալ սոցիալական ցանցերում. «Բնականաբար, հանրության արձագանքն էլ որոշակիորեն կաշկանդում է նաև այդ հանրության կողմից ընտրված իշխանությանը: Բայց հիմա ես դա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում:
Փաշինյանը նշեց, որ երբ իր էջում հանդիպումների կարճ նյութեր է դնում, զարմացել է, որ Էրդողանի հետ հանդիպումն ամենաշատ լայքերն է հավաքել. «Հիմա կարող է թվալ, որ ֆեյսբուքի լայքերն ենք քննարկում, բայց մենք պետք է դինամիկայի մեջ լինենք։ Օրինակ, մեր առաջին հանդիպումը այդպիսին չէր, այլ հիմնականում նեգատիվ ֆոնով էր։ Նույնիսկ հանդիպման փաստը, թե ինչու պետք է Հայաստանի վարչապետը նման հանդիպում ունենա: Նկատի ունեմ, որ շատ բարդույթներ արդեն իսկ հաղթահարված են:
Ես համոզված եմ, որ եթե մենք հետևողական, հանդարտ փաստարկների վրա հիմնված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում այս փոքր քայլերով առաջ շարժվենք, հարցը այն չի լինելու, կլինի կարգավորում, թե չէ, հարցը լինելու է ե՞րբ կլինի կարգավորում, դա ընդամենը լինելու է ժամանակի հարց:
Կարող է այդ կարգավորումը հետաձգվել ևս երեք ամսով, ևս վեց ամսով, ևս մի տարով, բայց այսօր արդեն իմ ընկալումն այն է, որ դա ժամանակի հարց է, և մենք պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք և առաջնորդվենք չվնասելու տրամաբանությամբ: Եթե մենք շատ կոնկրետ դիտավորյալ վնասներ չհասցնենք այս գործընթացին փոխադարձաբար, իմ կարծիքով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հիմա արդեն ժամանակի հարց է»,- հայտարարեց Փաշինյանը: