Ադրբեջանցի միլիարդատեր-մարդասպանը, հայ երգիչն ու կեղտոտ գործարքների փունջը

Երկու մարդու սպանության մեղադրանք Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովին մեղադրվում է երկու մարդու սպանության կազմակերպման համար, այս լուրը հանգստյան օրերին հայտնեցին ռուսաստանյան գործակալությունները հղում անելով նրա փաստաբան Մարինա Ռուսակովային։ Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով կալանավորել է նրան։ «Նրա կալանավորման մասին ապօրինի որոշումը կայացվել է հոկտեմբերի 30-ին։ Այն արդեն բողոքարկվել է Մոսկվայի քաղաքային դատարանում։ Բողոքի քննումը նշանակված է նոյեմբերի 15-ին»,- ասել է նա։ Իսմայիլովին ներկայացվել է երկու և ավելի անձանց սպանության կազմակերպման, ինչպես նաև զենքի ապօրինի շրջանառության մեղադրանք։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Ավելի քան մեկ ամիս առաջ հաղորդվեց, որ ՌԴ իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացնում ադրբեջանցի գործարար Իսմայիլովին պատկանող 12 հասցեներում: Այդ ժամանակ lenta.ru-ին քննչական մարմիններում բարձրաստիճան աղբյուրը հայտնել էր, որ խուզարկումներն անց են կացվում երկու մարդու սպանության հետաքննության շրջանակում: Նա հստակեցրել էր, որ խոսքը 2016թ. մայիսին Մերձմոսկովյան շրջանում մի քանի առևտրային համալիրների սեփականատեր Վլադիմիր Սավկինի և «Լյուբլինո-Մոտորս»-ի հիմնադիր Յուրի Բրիլյովի սպանության մասին է: Նրանց մարմինները հայտնաբերվել էին մայիսի 16-ին, Toyota Land Cruiser 200 ավտոմեքենայի սրահում: Քննության ընթացքում ձերբակալվել էր Թելման Իսմայիլովի հարազատ եղբայրը՝ Ռաֆիկը: Նշենք, որ սեպտեմբերին Իսմայիլովի շուրջ տեղեկատվական կրքերը նորից թեժացել էին: ՌԴ իրավապահ մարմինները խուզարկություններ էին իրականացրել ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովին պատկանող հասցեներում: Խուզարկություններն իրականացվել էին երկու սպանության հետաքննության շրջանակում: Նշենք, որ Թելման Իսմայիլովը խառը պատմությունների, խարդախությունների «հերոս» է: Այս տարի ամռանը ռուսաստանյան «Коммерсант»-ը հաղորդեց, որ ամերիկյան Լաս Վեգասում կալանքի տակ է դրվել մի քանի միլիոն դոլար արժողությամբ առևտրի կենտրոնը, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Թելման Իսմայիլովին, քանի որ օլիգարխին մեղադրում են խարդախության մեջ: Նա, հրաժարվել էր վճարել վարկերը Ռուսաստանում, դուրս է բերել կապիտալը արտասահման և անշարժ գույք ձեռք բերել բարեկամների անուններով: Ապա կիպրոսյան դատարանը բացահայտեց տեղեկատվությունն այն մասին, որ դեռ 2014-ին, երբ «Руслайн 2000» ՍՊԸ-ն դադարեց սպասարկել այնտեղ ստացված վարկը, ավելի քան 8 մլն դոլար «Vesto Trading Limited»-ի կողմից ԱՄՆ-ում օգտագործվել է Լաս Վեգասում «Craig Valley Plaza» առևտրի կենտրոնի ձեռքբերման համար: Հինգ մեկհարկանի շենքերից բաղկացած այդ առևտրի կենտրոնը մոտ 7 հազար քառակուսի մետր մակերեսով ավելի վաղ պատկանում էր Սեմ Նազարյանի ընտանիքին, որի սեփականատերերն են «Marker Craig LLC» և «Marker LLC» ընկերությունները, որոնք էլ գտնվում են Թելման Իսմայիլովի բարեկամուհի Նաիլա Սաբիխովայի վերահսկողության տակ: Ո՞վ է Թելման Իսմայիլովը Ռուսաստանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը հրեական ծագումով ադրբեջանցի է: Նա ծնվել է 1956թ.-ին՝ Բաքվում՝ հրեաների ընտանիքում: Իսմայիլովը հայտնի էր որպես Մոսկվայում գտնվող ամենախոշոր «Չերկիզովոյի շուկայի» («Черкизон») սեփականատերը: Իսմայիլովին Ռուսաստանում նաև կոչում էին «Король Черкизона»: 200 հա մակերես ունեցող շուկան գոյություն է ունեցել 1990-ական թթ.-ից մինչև 2009թ.-ը: Հինգ տարի առաջ նույնիսկ խոսակցություններ կային այն մասին, որ Ադրբեջանի քաղաքական կյանքում կհայտնվի Ռուսաստանում և Թուրքիայում խոշոր բիզնեսներ ունեցող, բիզնես միջավայրում որպես AST Telman ճանաչված, հրեական ծագումով ադրբեջանցի միլիարդատերը, որը պատրաստվում էր մեծ գումարներ ներդնել Ադրբեջանի քաղաքական կյանքում: Իսկ ավելի վաղ Իսմայիլովին հետաքրքրել էր Չեչնիան: Նա հանդիպել էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ և հայտնել նրան այդ երկրում մի շարք ներդրումային ծրագրեր ձեռնարկելու իր մտադրության մասին: 2011-ին թուրքական մամուլը գրեց, որ Իսմայիլովն ու Թուրքիայի կառավարող ԱԶԿ կուսակցության առաջնորդը բիզնեսի գործընկերներ են դարձել: Պարզվել էր, Իսմայիլովը թուրքական առաջատար «Միլիեթ» և «Հուրիեթ» թերթերը գնելու ցանկություն է հայտնել: Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ըստ թուրքական մամուլի, այդպես աշխատում էր իր ձեռքը վերցնել նաև այդ երկրում հրապարակվող վերջին անկախ մամուլի օրգանները ևս, և այդ գործում նրան օգնում էր «Ռուսաստանում «ձեռք գցած» փողերն առած ու Թուրքիայում բնակություն հաստատած Թելման Իսմայիլովը»: Թուրքական կառավարության կողմից 3,2 միլիարդ դոլարի հարկային պատիժների ենթարկված Dogan Holding-ի ամենամեծ հրատարակչություն «Միլիեթ» թերթը վաճառվել է ադրբեջանցի գործարար, AST Telman ընկերությունների խմբի սեփականատեր Թելման Իսմայիլովին: Dogan Holding ղեկավարությունն այլ գործերի հետ մեղադրվում էր նաև Թուրքիայում վառելիքի անօրինական շրջանառություն իրագործելու մեջ: Կայքը նաև հայտնել էր, որ Թելման Իսմայիլովը «Միլիեթը» գնել է իր գործընկեր թուրքական Torunlar Gida ընկերության հետ համատեղ, որի ամենամեծ բաժնետեր սեփականատերը ԱԶԿ-ական, Բիթլիսից ընտրված ազգությամբ քուրդ պատգամավոր Վահիդ Քիլերն է: Վահիդ Քիլերը Թուրքիայի խորհրդարանի վառելիքի մաքսանենգության դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Turktime նաև հայտնել էր, որ «Միլիեթի» վաճառքի հետ կապված բանակցություններն ավարտվել են և այժմ Թելման Իսմայիլովն ու ԱԶԿ-ից նրա գործընկեր Վահիդ Քիլերը բանակցություններ են տանում Թուրքիայում հասարակական կարծիքն ուղղորդող մյուս առաջատար «Հուրիեթ» թերթը գնելու շուրջ: Իսկ «Ռոյթերզ» գործակալությունը դեռ 2009-ին գրել էր, Թուրքիայում մեդիա մագնատ դառնալ ցանկացող Թելման Իսմայիլովը մտադիր է գնել նաև Dogan Holding-ի խմբին պատկանող ATV հեռուստաալիքը: Այդ շրջանում արդեն իսկ տեղեկություններ կային, որ Թելման Իսմայիլովը Ռուսաստանում ունեցած եկամտաբեր իր բիզնես օբյեկտները մեկը մյուսի հետևից վաճառում է և հանում փողերն` այդ երկրից և Թուրքիայի իշխող ԱԶԿ-ական իշխանությունների թույլտվությամբ անկախ ԶԼՄ-երը վերացնելու ջանքերին էր լծվել: Աբրահամ Ռուսոն, Մոնիկա Բելուչին ու Թելման Իսմայիլովը 2013-ին աշխարհահռչակ դերասանուհի Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի պաշտոնական բաժանումից մի քանի օր անց լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե իտալացի դերասանուհի և մոդելը իր ամուսնուց հեռացել է ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովի հետ ունեցած սիրավեպի պատճառով: Մամուլը հետևողականորեն գրում էր Բելուչիի ու Իսմայիլովի կապի մասին: Լրատվամիջոցները հայտնում էին, որ Բելուչին և Իսմայիլովը հանդիպել էին Անթալիայում օլիգարխի հյուրանոցներից մեկի բացման ժամանակ: Բելուչին չէր մեկնաբանում իր սիրավեպի մասին լուրերը, նույնպես վարվում էր նաև Իսմայիլովը: Նրանց կապը, սակայն, այդպես էլ պաշտոնապես չհաստատվեց: Իսմայիլովի գործունեության առավել «ուշագրավ» պահը, թերևս, առավելապես հայերին կհետաքրքրի... Խոսակցություններ կան այն մասին, որ հայտնի հայազգի երգիչ Աբրահամ Ռուսոյի տաղանդով, որը Հայաստանում բազմիցս հայտարարել է, թե ինքը հայ է, մի որոշ ժամանակ հիացած է եղել Թելման Իսմայիլովը, և ոչ միայն... Իսմայիլովը նաև աջակցել է երգչի առաջխաղացմանը Ռուսաստանում, բայց որոշակի համաձայնություն ձեռք բերելու դիմաց: «Գործարքը» հետևյալն էր` Ռուսոն չպետք է հայտարարեր, որ ինքը հայ է: Սակայն որոշ ժամանակ անց Ռուսոն խախտում է Իսմայիլովի հետ պայմանավորվածությունը և հարցազրույցների մեկում հայտարարում, որ հայ է, ինչն էլ զայրացնում է ադրբեջանցի միլիարդատիրոջը և նա պատժում է Ռուսոյին` նրա դեմ հարձակում կազմակերպելով: 2007-ին Ռուսոյի նկատմամբ սպանության փորձ կատարվեց, Ռուսոն լքեց Ռուսաստանը, նա ընտանիքի հետ տեղափոխվել էր Հայաստան, այնուհետև հաստատվել Միացյալ Նահանգներում: Mardan Palace-ի օտարումը 2015թ. աշնանը ռուսաստանյան մամուլը հեղեղված էր Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Թելման Իսմայիլովի ֆինանսական վիճակի մասին տեղեկություններով: Թուրքիայի Halkbank-ն Անթալիայում ձեռք է բերել Mardan Palace էլիտար հյուրանոցը, որը պատկանում էր ռուսաստանցի մեծահարուստ, հրեական ծագումով ադրբեջանցի միլիարդատեր գործարար Թելման Իսմայիլովին: Ըստ Hurriyet-ի` գնումը վարկային հաստատությանն արժեցել էր 360 մլն թուրքական լիրա (123 մլն դոլար)։ Յոթ աստղանի հյուրանոցը գնահատվել էր 719 մլն լիրա (246 մլն դոլար), սակայն ֆինանսական դրության պատճառով վաճառվել է զգալիորեն էժան: Բացի այդ, Halkbank-ից բացի գնման այլ հավակնորդներ չեն եղել: Իսմայիլովը Mardan Palace-ը հիմնել էր 2009-ին, որի համար ներդրել է 1.4 մլրդ դոլար: Հատուկ այդ նպատակով Եգիպտոսից հատուկ ավազ էր բերվել, որը տապի ժամանակ չի այրում ոտքերը։ Հյուրանոցի կառուցման ընթացքում օգտագործվել են ոսկու կտորներ ու բնական ճենապակի։ Հյուրանոցի հյուրերին առաջարկվում էր գինի՝ յուրաքանչյուր շիշը 4000 դոլար արժեքով։ Դեռևս 2014-ի գարնանը ադրբեջանցի միլիարդատեր Իսմայիլովը վարկ էր վերցրել «Halkbank»-ից: Այնուհետև, Թուրքիայի պետական բանկի՝ «Halkbank»-ի և ադրբեջանցի միլիարդատիրոջ միջև խնդիր էր առաջացել: Բանկը Իսմայիլովին է տրամադրել 62,5 մլն ԱՄՆ դոլար «Mardan Palace» հյուրանոցի կառուցման համար, որի վրա, ընդհանուր առմամբ ծախսվել է 1,4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ բանկի կողմից տրամադրված գումարը մինչ այժմ չի վերադարձվել: Նա այդ վարկը վերցրել էր 2009թ. և հետաքննության ժամանակ պարզ է դարձել, որ այն տարածքը, որի վրա կառուցվել է հյուրանոցը, պատկանում է պետությանը, և այն չէր կարելի գրավ դնել: Ապա տեղեկություն ստացվեց, թե Կիպրոսի դատարանն է որոշել է սառեցնել Իսմայիլովի հաշիվները կղզում և նրա սահմաններից դուրս: Դատարանը այդպիսի որոշում է կայացրել «Մանգազեա» ընկերության նախագահ Սերգեյ Յանչուկովին պատկանող «Sezaria Ltd»-ի հայցի հիման վրա: Հայցում ընկերությունը պահանջում է Իսմայիլովից բռնագանձել 135 միլիոն դոլարը և հավելյալ տոկոսները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում Շոուներով զբաղեցնում են ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն Վրաստանի խորհրդարանը՝ միայն իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ, վստահություն է հայտնել նոր կառավարությանը Նշված իրավիճակում, այդ թվում՝ խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է «Դժգույն և դժբախտ» մայթն այլևս հետիոտնի համար չէ Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան ««Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, ասում է՝ հիվանդանոցը պարտքերի մեջ է» Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Սքեյթ պարկից» քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է, որ վնասվածքը պատճառել է ընկերուհին Ադրբեջանցիները փորձում են Թբիլիսի քաղաքը ներկայացնել «ադրբեջանական» Զուրաբիշվիլին հանդես կգա հրատապ հայտարարությամբ Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան ՔԿ ղեկավարը նախընտրում է թուրքականը․ Էդգար Ղազարյան Փաշինյանի բախտը բերել է, կարողացել է մայթով քայլել Հայաստանում պատրաստվում են թուրքական պահանջով կրճատել բանակը. Հայաստանը շարունակում է գրավված մնալ. Վարուժան Գեղամյան Վահե Հովհաննիսյանն ու փողերի լվացումը. հրապարակումները կուսումնասիրվեն ՀԿԿ-ում Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Ղարաբաղում Երևանի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am