ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանից արտահանումը կնվազի 80%-ով․ Զախարովա
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Հայաստանից արտահանումը կնվազի 80%-ով, և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում անհնար կլինի կորուստները փոխարինել այլընտրանքային ուղղություններով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, հայկական կողմի պաշտոնական վիճակագրությունից դատելով՝ Հայաստանից արտահանումը 2015 թվականից սկսած աճել է 10 անգամ՝ հիմնականում ռուսական ուղղության հաշվին։ Միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը նախորդ տարի մոտեցել է 12 մլրդ դոլարի։
«2023 թվականին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը հասել է 3,4 միլիարդ դոլարի։ Եվ դրանք ոչ թե բաշխումներ են, ոչ թե մարդասիրական օգնություն «տիրոջ ուսից», այլ հայ արտադրողների ազնվորեն վաստակած գումարներ։ Սա խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար»,– ասել է Զախարովան։
Ինչպես նշել է Զախարովան, պաշտոնական Երևանն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական վեկտորը։ Դա ինքնիշխան պետության իրավունքն է, սակայն նա կոչ է արել դիտարկել նման որոշումների գործնական կողմը՝ առանց ավելորդ քաղաքականացման և «սևի ու սպիտակի» բաժանման։
«Հայաստանից ապրանքի ոչ ոք չի սպասում ոչ Եվրոպայում, ոչ ԱՄՆ-ում։ Պետք է համաձայնեք՝ ի՞նչ խնդիր կա, ինչո՞ւ չեն տանում, եթե սպասում են։ Ուզում են այդքան օգնել»,-ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է՝ 2024 թվականին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտուրը զգալիորեն նվազել է և մոտավորապես 6 անգամ պակաս է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունից։