Կորեայի նախագահը գիշերն անցկացրել է մեկուսարանի խցիկում
Հունվարի 16-ի գիշերը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլն անցկացրել է մեկուսարանի 10 մետրանոց խցիկում, որը նախատեսված է կասկածյալների համար, որոնք սպասում են կալանքը երկարացնելու որոշմանը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է MBC հեռուստաալիքը։
Ինչպես հայտնում է YTN հեռուստաալիքը, Յուն Սոկ Յոլը մնացել է սովորական հագուստով, իսկ տարածքը շուրջօրյա տեսահսկման տակ է եղել։
Յուն Սոկ Յոլը հունվարի 15-ին ժամը 22:00-ի սահմաններում տեղափոխվել էր Սեուլի կալանավայր: Նախագահին պահում էին մյուս կալանավորներից առանձին, հետևաբար, ինչպես նշում է հեռուստաալիքը, դա իրականում մեկուսարան էր։ Սենյակը ներառում էր գրասեղան, առանձին զուգարան, անկողնային պարագաներ և հեռուստացույց։
Երկրի ներկայիս ղեկավարն առաջին անգամ է կալանավորվել. մինչև իմպիչմենտի գործով Սահմանադրական դատարանի որոշման կայացումը, Յուն Սոկ Յոլի լիազորությունները կասեցված են համարվում։
Սեուլի դատարանն անցած տարեվերջին թույլ էր տվել կալանավորել Հարավային Կորեայի նախագահին՝ կապված երկրում ռազմական դրություն մտցնելու որոշման հետ։ Դատարանը լիազորել էր Յուն Սոկ Յոլին ձերբակալել երեք մեղադրանքով՝ իշխանությունը չարաշահելու, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձի և ապստամբության փորձի համար։