Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։
Արդարացման վերդիկտը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։
Արշակ Հակոբյանը մեղադրվում էր հայտարարագրման ենթակա գույք թաքցնելու և փողերի լվացման հոդվածներով, մեղադրանքը չէր ընդունում։ Ըստ դատարան ուղարկված մեղադրանքի՝ Հակոբյանը, 1994-1997 թվականներին ծառայելով ՀՀ ներքին գործերի նախարարությունում, 1997-2011 թվականներին` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, իսկ 2011-2018 թվականներին` ՀՀ ոստիկանությունում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ 2008 թվականից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը, կնոջ՝ Անահիտ Մկրտչյանի և որդու՝ Սարգիս Հակոբյանի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության՝ «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության կառավարմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ իր հետ փոխկապակցված անձանց և մերձավորների անվամբ հաշվառված առանձնապես խոշոր չափերով գույքերը: Այնուհետև, ըստ մեղադրանքի, ենթադրյալ ապօրինի գործունեության հետևանքով (նկատի ունենալով Ա.Հակոբյանի և նրա ընտանիքի անդամների ունեցած օրինական եկամուտների ու գույքային դրության ակնհայտ անհամապատասխանությունը) ստացված գումարների իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով՝ Արշակ Հակոբյանը ձեռք է բերել տարբեր անշարժ և շարժական գույքեր, որոնք տարբեր ձևական գործարքներով գրանցել է այլ անձանց անվամբ՝ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը։
Դատախազությունից Tert.am-ին հայտնեցին. «Կայացված դատական ակտի վերաբերյալ, այն ստանալուց հետո, վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու»: