Այս թուղթը նախընտրական սիրուն պաստառի կարգավիճակ ունի. կարող է վնաս տալ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում. Կարեն Վրթանեսյան. 168.am
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ Պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը, որ ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հինգ բաժիններից բաղկացած ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը վերաբերում է գործընկերության սկզբունքներին, տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցությանը, պաշտպանությանը և անվտանգությանը, ժողովրդավարության, արդարադատության և ներառման ամրապնդմանը, մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանմանը։
Կանոնադրությունը ստորագրելուց հետո, ինչպես Բլինքենը, այնպես էլ Արարատ Միրզոյանն ընդգծել են, որ Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, խոսելով ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրության մասին, հիշեցրեց՝ հաշվի առնելով, որ տվյալ փաստաթուղթը ստորագրվել է մարդկանց կողմից, որոնք 6 օր անց արդեն իշխանության չեն լինելու, հասկանալի է՝ լուրջ հույսեր ունենալ իմաստ չունի։
Նրա կարծիքով՝ եթե Հայաստանում այսօր լիներ հայկական իշխանություն, այլ ոչ թե օկուպացիոն վարչակարգ, որն ում շահերն ասես պաշտպանում է, բայց ոչ Հայաստանի, այդ փաստաթղթից գուցե որոշակի օգուտներ քաղեր ի շահ Հայաստանի՝ թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական ու տնտեսական առումներով։
Ո՞ւմ գրպանն են գնում գազի անփոփոխ սակագնից գոյացող միլիոնավոր դոլարները
«ՀՀ-ում գտնվող ներկայիս ռեժիմին այս թուղթը պետք է որպես նախընտրական ու քարոզչական մի դրոշ, որով ասելու են՝ գնում ենք դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք։ Այս թուղթը նախընտրական սիրուն պաստառի կարգավիճակ ունի։ Միաժամանակ սա կարող է վնաս տալ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նիկոլ Փաշինյանն իր ռեժիմի իշխանությունը պահելու համար հերթական անգամ Հայաստանի շահերը դնում է հարվածի տակ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Վրթանեսյանը։
Փորձագետն ընդգծեց, որ Իրանից արդեն կան արձագանքներ, ըստ որի՝ այդ կանոնադրության ստորագրումը դրական չեն դիտարկում։
«Օրինակ, Միացյալ Նահանգներից ինչ-որ խումբ է գալու, որոնք հայ-իրանական սահմանին ինչ-որ բաներ են դիտարկելու, հայկական կողմի հետ համատեղ աշխատելու։ Բնականաբար, սա Իրանը դրական չի դիտարկում։ Եթե պատկերացնենք, որ Մեքսիկան Իրանի հետ փաստաթուղթ է ստորագրում, և իրանցի փորձագետներ, մասնագետներ գնան ու սկսեն ամերիկյան-մեքսիկական սահմանը դիտարկեն։
Պարզ է, չէ՞, թե Միացյալ Նահանգներն ինչպես կարձագանքեր, նույն արձագանքն էլ Իրանն է տալիս ու տալու և ամեն ինչ անելու է, որ դա չլինի»,- շեշտեց Կարեն Վրթանեսյանը։
Ինչ վերաբերում է Բլինքենի հայտարարությանը, որ «Հայաստանը մտադիր է միանալ ««Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային», մեր զրուցակիցն ընդգծեց՝ «Իսլամական պետությունը» կարծես թե այսօր ամենաակտիվն է Աֆղանստանում, թեկուզ ջախջախված, բայց, այնուամենայնիվ, գործող ցանց ունեն նաև Սիրիայում, Իրաքում։
«Սա որոշ չափով կարող է Սիրիայի հայկական բնակչության համար ռիսկեր պարունակել։
Չնայած վստահ չեմ, որ թեկուզ «Իսլամական պետությունն» այդ թուղթը լուրջ ընդունի։ Այդուհանդերձ, ցանկացած դեպքում ռիսկեր պարունակում է։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը երբեք ՀՀ-ում ապրող ու ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայերի շահերը չի պաշտպանել։ Անձնական իշխանությունը պահելու համար նրանից ինչ պահանջել են, նա արել է»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ