Սիրիայի նոր իշխանության ղեկավարը մտադիր է առաջին այցը կատարել Թուրքիա
Սիրիայի նոր իշխանության ղեկավար Ահմեդ ալ-Շարաան նախատեսում է իր առաջին արտասահմանյան այցը կատարել Թուրքիա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է թուրքական Hurriyet թերթը։
Նշվում է, որ այցը կկայանա Սիրիայի նոր խորհրդարանի կողմից Ահմեդ ալ-Շարաայի՝ երկրի ղեկավար ընտրվելուց հետո։
Հունվարի 15-ին Անկարայում տեղի կունենան Թուրքիայի իշխանությունների բանակցությունները Սիրիայի նոր վարչակազմի պատվիրակության հետ՝ անցումային կառավարության ԱԳ նախարար Ասադ Հասան ալ-Շիբանիի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են նաև պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան և հետախուզության ղեկավար Անաս Հասան Խաթաբը:
Բանակցությունները տեղի կունենան «3+3» նախարարական ձևաչափով։
«Օրակարգի հիմնական հարցը Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և նրա տեղական մասնաճյուղի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈՒ, երկու կառույցներն էլ Թուրքիայի կողմից ճանաչված են որպես ահաբեկչական կազմակերպություններ) լուծարումն է»,-հաղորդել է Turkiye թերթը:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ այցը պետք է կայանար առաջիկա օրերին, բայց հետաձգվել էր ալ-Շարաայի ծրագրում փոփոխությունների պատճառով։