Պետական եւ մասնավոր սեկտորի բոլոր աշխատակիցները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Օրենքը մտել է ուժի մեջ
Այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ է մտել քաղաքացիների եկամուտների հայտարագրման հաջորդ փուլը։ Եւ պարտադիր հայտարարագրման ենթակա է բոլոր վարձու աշխատողների 2024 թ.-ին ստացած եկամուտները։ «Փաստինֆո»- ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ավելացնելով, որ ներդրվող համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ։
Մասնավորապես՝ փաստացի գործում է կրկնակի հայտարարագրման մեխանիզմը։ Այսինքն՝ եթե անձն արդեն իսկ հայտարարագիր ներկայացնում է որպես պաշտոնյայի ընտանիքի անդամ, ապա, միեւնույն է, պետք է առանձին ևս հաստատի իր եկամուտները՝ Պետական եկամուտների էլեկտրոնային գործիքով, ինչու անձը ավտոմատ չի նույնականացվում պարզ չէ։
«Այս համակարգն ընդունվել է այս իշխանությունների օրոք, թե ինչ դժվարություններ կունենան քաղաքացիները ՊԵԿ-ի էլեկտրոնային այդ համակարգից օգտվելիս, պարզ կլինի առաջիկայում, բայց 2022 թ.-ին ընդունված օրենքը փուլ առ փուլ ուժի մեջ է մտնում ու քաղաքացիները պետք է ուշադիր լինեն, որ ավելորդ բարդություններ չունենան»,- հավելեց պատգամավորը՝ նկատելով, որ, եթե պաշտոնյան իրեն կարող է թույլ տալ օգնականի օգնությամբ կամ ինքնուրույն լրացնել իր հայտարարագիրը, ապա քաղաքացին, ամենայն հավանականությամբ, պետք է իր «գլխի ճարը» տեսնի։
Թադևոս Ավետիսյանը կանխատեսում է որոշակի բարդություններ հատկապես համակարգից տեխնիկապես օգտվելիս։ Իսկ նպատակը, որ դրվել է այդ հայտարարագրման ընդհանուր համատեքստում, պատգամավորի կարծիքով, առաջարկվող կարգավորումներից էապես տարբերվում է։
Ամեն դեպքում, օրենքը գործում է, այն ընդունվել է 2022 թ.-ին, այս իշխանոթյունների օրոք ու փուլ առ փուլ շահառուների շրջանակն ընդլայնվում է ու պատգամավորը ճիշտ է համարում, որ քաղաքացիները, հետագա դժվարություններից խուսափելու համար, հետևեն իրենց պարտավորությունների կատարմանը։
«Եկամուտների հայտարարագրման փուլային տարբերակը, ըստ էության, նախատեսում է, որ 2025 թ.-ի հունվարի 1- ից պետք է հայտարարագրեր ներկայացնեն բոլոր վարձու աշխատողները՝ 2024 թ.-ի արդյունքներով։ Այս տարվա մեկնարկը այդ անձանց համար է։ Սա նշանակում է, մասնավոր և պետական սեկտորի բոլոր վարձու աշխատողները հայտարարգիր են ներկայացնում էլեկտրոնային տարբերակով, մուտք գործելով պետեկամուտների կոմիտեի հայտարարագրման գործիք, որտեղ պետք է գտնեն ՊԵԿ-ում իրենց մասով լրացրած տվյալները, հաստատեն դրանք կամ, եթե լրացված տվյալները ճիշտ չեն՝ փոփոխեն, որից հետո հաստատեն, այդ դեպքում միայն կհամարվի, որ հայտարարագիրը լրացված է»,- նշել է պատգամավորը։
2023 թ.-ի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեին 2023 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական ծառայության և համայնքային ծառայության հանրային պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև 2023 թ-ի դեկտեմբերի 31 ի դրությամբ նոտար հանդիսացող անձինք և քաղաքացիները, որոնք 2023 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարագրած առևտրային կազմակերպության բաժնետեր, որոնք 2023 թ.-ի ընթացքում փաստացի օգտվել են եկամտային հարկի վերադարձման համակարգից և այն քաղաքացիերը, որոնք 2023 թ.-ի ընթացքում եկամուտներ են ստացել ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից, նաև քաղաքացիները, որոնք փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքով սահմանված իրական շահառու են հանդիսանում , կամ նրանք, ովքեր 2023 թ.ի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով և ավելի փոխառություն։
Այդ կատեգորիաները պետք է հայտարարագիր լրացնեին նախորդ տարի 2024 թ.-ին, իսկ արդեն 2024 թ.-ի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է լրացնեն նաև 2024 թ.-ի ընթացքում վարձու աշխատող համարված բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանից պետական, թե մասնավոր հատվածում են աշխատում, ինչպես նաեւ 2024 թ.ի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտ ստացածները։Իսկ ահա վերջին փուլը կլինի հաջորդ տարի։ 2025 թ.-ի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար արդեն բոլոր ռեզիդենտ քաղաքացիները կունենան հայրարարագրելու պարտավորություն,-փոխանցեց Ավետիսյանը։