Մոլդովայի ԱԳ նախարարն ասել է, որ այլևս չի մեկնաբանելու Զախարովայի հայտարարությունները. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն արձագանքել է
Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ այլևս չի մեկնաբանի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները, քանի որ վերջինս «չի ներկայացնում դիվանագիտությունը»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Զախարովան ի պատասխան ասել է, որ ներկայացնում է ճշմարտության վրա հիմնված դիվանագիտությունը:
«Մոլդովայում տիրող իրավիճակի մասին ասված յուրաքանչյուր բառի հետևում կան թվեր, փաստեր, ուղիղ մեջբերումներ, Պոպշոյը կարող էր հերքել մեր փաստարկը։ Եվ այսպես, նա ուղղակի ընդունել է, որ պատասխանելու բան չկա»,- գրել է դիվանագետն իր Telegram-ալիքում։
Նա նաև նշել է, որ մոլդովացի պաշտոնյաները պետք է դադարեցնեն հակառուսական հռետորաբանությունը՝ հավելելով, որ այն հիմնված է ստի և ատելության վրա։ Զախարովան ընդգծել է, որ Մոլդովայում իրավիճակի վերաբերյալ յուրաքանչյուր մեկնաբանություն պատասխան է «Քիշնևի ռեժիմի» հակառուսական հռետորաբանությանը։