Կառավարությունը գաղտնի է պահում, Իտալիա այցի ընթացքում ՊՊԾ քանի աշխատակից է ուղեկցել Աննա Հակոբյանին. Panorama.am
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա այցի ընթացքում ուղեցկող պատվիրակություն չի ձևավորվել, նրան ուղեկցել են ՊՊԾ և արարողակարգային ծառայողներ։ Ի պատասխան Panorama.am-ի գրավոր հարցման հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պետական պահպանության ծառայության քանի՞ աշխատակից է ուղեկցել Աննա Հակոբյանին Իտալիայում, կառավարությունում գաղտնի են պահում՝ հիմնավորելով, որ այն պետական գաղտնիք է։
««Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի գ. Ենթակետի համաձայն, այն դասվում է պետական գաղտնիքի շարքին։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է, որ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանփակ տարածման ծառայողական տեղեկություն»,-ասված է պատասխանում։
Պաշտոնական պատասխանի համաձայն, այցի ընթացքում Փաշինյանի կնոջն ուղեկցել է արարողակարգային մեկ ծառայող, որի գործուղման փաստացի ծախսերի ընդհանուր գումարը կազմել է 450.601 դրամ, որից 164.868 դրամ՝ օրապահիկ, 22.666 դրամ՝ գիշերավարձ, 61.067 դրամ՝ ավիատոմս։
Ի դեպ, կառավարությունից չեն պատասխանել հարցին, արդյոք Աննա Հակոբյանի հետ Իտալիա մեկնե՞լ է նրա վարսավիրը։ Վերջինն այդ օրերին ինսթագրամի իր էջում լուսանկարներ էր հրապարակում Հռոմից։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի՝ Իտալիա այցի ծախսերի ընդհանուր գումարը կառավարությունն ու «Իմ քայլը» հիմնադրամը գաղտնի են պահում։
Ավելի վաղ, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, ապա կառավարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ գիշերակացի համար պետբյուջեից ծախսվել է 787.790 դրամ։ Ինչպես հավատացնում են գործադիրից, այդքան գումար վճարվել է երեք գիշերվա համար։
Panorama.am-ը պարզել էր, որ Փաշինյանն ու կինը գիշերել են Հռոմի Hotel de Russie հինգ աստղանի հյուրանոցում։ Հարցմամբ խնդրել էինք հերքել կամ հաստատել այդ տեղեկությունը։ Սակայն կառավարությունից այս հարցն էլ անպաըասխան են թողել։