Ակադեմիայում կրճատումներ են․ աշխատավարձերը բարձրացրել են, որ աշխատողներին կրճատեն
Oragir.News-ի տեղեկություններով Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության, Արվեստի և Գրականության ինստիտուտներում առաջիկայում սպասվում են կրճատումներ, համապատասխանաբար՝ 20,10 և 5 տոկոսով։
Oragir.News-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց այս ինստիտուտների տնօրենների հետ։ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։
«Խնդիրը դեռ վերջնական լուծված չէ։ Հիմա մենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ բանակցությունների մեջ ենք և այս շաբաթվա մեջ ամեն ինչ կպարզվի։ Մենք գտնում ենք, որ այդ կրճատումներն արդարացի չեն և պիտի պայքարենք մեր իրավունքների համար»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ ինչու է ԲԿԳ կոմիտեն նման պահանջ ներկայացրել, Մելքոնյանը նկատեց․
«2023-ի տվյալներով են հաշվարկել արդյունավտությունը, որ գլխավոր կմպոնենտը կազմում է ՄԳՇ(միջազգային գիտական շտեմարաններում)կոչված հոդվածների տպագրությունը։ Այնինչ, օրենքն ընդունվել է 2023-ի վերջին՝ դեկտեմբերի 25-ին, բնականաբար ոչ մի տրամաբանություն չկա, որ դու արդյունավետությունը հաշվես 2023-ի ամբողջ կտրվածքով։
Չմոռանաք, որ հայագիտության բնագավառում ՄԳՇ շտեմարանների մակարդակ ունեցող ոչ մի գիտական հանդես գոյություն չունի, ի տարբերություն տեխնիկական ճշգրիտ գիտությունների։ ՄԳՇ-ներով հաշվարկելը, բնականաբար կարող է աղետալի հետևաննքեր ունենալ հայագիտության, այդ թվում նաև պատմագիտության համար»,- մանրամասնեց Մելքոնյանը։
Ի տարբերություն Պատմության ինստիտուտի տնօրենի՝ Արվեստի և Գրականության ինստիտուտի տնօրենները շտապեցին հերքել այս տեղեկությունը։
ԳԱԱ Գրականության ինտիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը նշեց, որ իրենց ինստիտուտում որևէ մեկը չի կրճատվում։ «Մենք նորից շարունակում ենք մեր աշխատանքները։ Գրականության ինստիտուտի առաջ որևէ նման պահանջ չի դրվել, շարունակում են նորմալ աշխատել և այս պահին բացարձակ որևէ կրճատում չի նախատեսվում»,- նշեց նա։
ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը նշեց, որ իրենց ինստիտուտում նման խնդիր չկա։ «Ես չգիտեմ մյուս ինստիտուտներում ինչ վիճակ է, առանձին ինստիտուտներում հնարավոր է կա այդ խնդիրը, բայց կոնկրետը մեր ինստիտուտում նման խնդիր չկա։ Նման տեղեկություն մեր ինստիտուտի վերաբերյալ չկա։
Սակայն, հարկ է նշել, որ մեր տեղեկությունները բավականին հավաստի են, թե ինչու են տնօրենները փորձում թաքցնել դա՝ պարզ չէ։