Երևանում հնդիկ տղամարդն իր համաերկրացուն դանակի հինգ հարված է հասցրել՝ օրը ցերեկով՝ դպրոցի մոտակայքում
Ազգությամբ հնդիկ տղամարդը Երեւանում դանակի հինգ հարված է հասցրել համերկրացուն։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2024թ․ հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, վերջիններս Աջափնյակ վարչական շրջանում դպրոցներից մեկի խաղահրապարակին հարակից տարածքում հանդիպել են և վիճել։ Վիճաբանության պատճառը եղել է գումարային հարցերի շուրջ։
Վեճի ընթացքում հնդիկներից մեկը՝ իր հետ վերցված խոհանոցային դանակով՝ հինգ անգամ հարվածել է համերկրացուն՝ մեջքի, կրծքավանդակի և որովայնի հատվածներում։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ առողջությանը ծանր վնաս պատճառել՝ այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով։ Տղամարդը կալանավորվել է։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է։